
Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:
Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները: Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը:
Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ: Հորդորում ենք մեր ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին և նռնօրհնեքի արարողությանը: