![](/banners/BeFunky-design.jpg)
Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչպես կանցկացնի ամանորյա արձակուրդը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/Putin.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա սեղանին, ամենայն հավանականությամբ, «համեստ ուտեստներ» կլինեն, որոնք նա նախընտրում է, ինչպես նաև արձակուրդի ժամանակ նա կստանա օպերատիվ տեղեկատվություն, կկատարի հեռախոսազանգեր ու ազատ ժամանակ կզբաղվի սպորտով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի նախագահի Նոր տարվա սեղանին գիշերը։ Դուք գիտեք, որ նախագահը բավական համեստ է սննդի նախընտրությունների հարցում, ավելի քան համեստ է։ Նախընտրում է բացարձակ համեստ, առողջ սնունդ, բայց, թե կոնկրետ ինչ կլինի, չեմ կարող ասել, այնուամենայնիվ, դա նրա անձնական կյանքն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հիշեցրել է, որ Պուտինը լիարժեք հանգստյան օրեր չի ունենում, և ամանորյա արձակուրդների օրերին կկատարի հեռախոսազանգեր, կլսի ուժայինների ու մյուս գերատեսչությունների զեկույցները։
«Նա կստանա վերլուծական նյութեր»,- հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը կօգտվի ազատ ժամանակից՝ զբաղվելու սիրած մարզաձևով։ «Նա և՛ հոկեյ է խաղում, և՛ լողում է։ Եվ դա անում է, երբ հնարավորություն է ընձեռվում, ամեն օր»,- հավելել է նա։