Բաժիններ՝

2016 թվականը հեշտ տարի չէր. Շիրակի թեմի առաջնորդ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը փաստում է՝ անցնող 2016 թվականը հեշտ տարի չէր՝ դիմագրավեցինք ապրիլյան քառօրյա պատերազմի փորձությունը, բայց այդ փորձությունից, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց թեմակալ  առաջնորդը, հաղթանակած դուրս եկանք: Ավելին, առավել ամրապնդված հավատքով ու սիրով հայրենիքի հանդեպ:

«2016 թվականի ընթացքում այլ  փորձություններ ևս բաժին ընկան, բայց հիմնականում կարողացանք պահել միությունը, սերն ու միաբանությունը և դարձյալ ամրապնդել մեր հույսն ու հավատքը դեպի մեր հայրենիքն ու դեպի մեր ապագան և 25 տարիների  երիտասարդ  կյանք ունեցող մեր պետությունը փորձեցինք կրկին դարձնել մեր մտքի ու սրտի կիզակետը»,- նշեց գերաշնորհ հայրը:

Օգտվելով առիթից՝ թեմակալ առաջնորդը շնորհավորեց նաև ազգաբնակչությանը: «Ես 18-րդ տարին առիթ ունեմ ողջունելու ձեզ  ու 18-րդ անգամ նույն բերկրալից ու հուզումնալից սպասումներով ու ակնկալիքներով փորձում եմ աջակից ու լծակից լինել ձեզ՝ ձեր ծառայության ասպարեզում, ձեր աշխատանքի մեջ:

Եկել է 2016 թվականին հրաժեշտ տալու պահը, և լուրջ ակնկալիքներով ու լուրջ  սպասելիքներով սպասում ենք 2017 թվականին:

Թող այն լինի իրապես ձեռքբերումների ու նվաճումների տարի: Ժողովրդին էլ մաղթում եմ բարեկեցիկ կյանք ոչ միայն նյութական իմաստով, այլ նաև հոգևոր իմ աստով»,- նշեց Միքայել Սրբազանը՝  բոլորին մաղթելով սեր ու միաբանություն, մնայուն խաղաղություն, որպեսզի երիտասարդները զոհվելու գնով չապացուցեն իրենց սերն առ հայրենիք, այլ իրենց ստեղծագործ ուժով, նվիրումով, կրթությամբ, երկիրն ավելի շեն դարձնելով:

Թեմակալ առաջնորդն անդրադառնալով նաև ընտրական գործընթացին՝ հույս հայտնեց, որ ամեն տեսակի ընտրական գործընթացներն ավարտվեն սիրո ու համերաշխության մեջ, չլինեն հաղթողներ ու պարտվողներ, այլ ընդամենը լինի մեկ հաղթող՝ ժողովուրդն ու հայրենիքը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս