«Միանշանակ է, որ ՀԱՊԿ-ում Ղազախստանն ու Բելառուսը Հայաստանի շահերի դեմ են աշխատում». Մանվել Սարգսյան
Անցած տարի ՀԱՊԿ վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթից հետո ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի և Բելառուսի նախագահների դիրքորոշումն ավելի անհասկանալի է դարձել։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը՝ խոսելով այսօր Սերժ Սարգսյանի Սանկտ Պետերբուրգ այցի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մասին:
Ըստ նրա՝ միանշանակ է, որ այդ կազմակերպության կազմում այդ 2 պետությունները ՀՀ-ի շահերի դեմ են աշխատում։ Մ.Սարգսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ նախագահությունը ՀՀ ներկայացուցչին փոխանցելու հարցում ինչ-որ փոփոխություն դժվար արձանագրվի, և, ըստ ամենայնի, դրա հետ է կապված, որ Բելառուսի նախագահը չի մասնակցում վեհաժողովին. «Պարզ երևում է, որ ոչ մի փոփոխություն չկա, ուղղակի շատերի համար ավելի պարզ դարձավ»։
Հարցին, թե այս պայմաններում Ս. Սարգսյանի դիրքորոշումը ո՞րը պետք է լինի, Մ.Սարգսյանը պատասխանեց, որ, եթե չեն ուզում այդ կազմակերպությունում կարգուկանոն հաստատել ու անդամների շահերից գործել, պետք է դուրս գալու հարց դրվի։