
Հռոմի պապը սուրբծննդյան հանդիսավոր պատարագ է մատուցել Վատիկանում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ երեկոյան սուրբծննդյան պատարագ է մատուցել, հայտնում է Reuters-ը:
Պատարագի ժամանակ Հռոմի պապը ուշադրություն է հրավիրել ողջ աշխարհում երեխաների տառապանքների վրա: Ֆրանցիսկոսի խոսքով՝ Սուրբ Ծնունդը «դարձել է նյութականացման պատանդ», ինչի կապակցությամբ էլ բոլորին համեստության կոչ է արել սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ:
Նա իր խոսքում հիշատակել է մարդկանց, որոնք տառապում են սովից, ներգաղթյալներին, որոնք ստիպված են բախվել բազմաթիվ դժվարությունների Եվրոպա տանող ճանապարհին, ինչպես նաև նրանց, որոնք ստիպված են եղել անցնել այնպիսի քաղաքների ռմբակոծման միջով, ինչպիսին է Սիրիայի Հալեպ քաղաքը:
Պատարագն անցկացվել է անվտանգության բարձր միջոցառումների պայմաններում: Սուրբ Պետրոսի տաճարի մուտքի մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր: BBC-ի թղթակցի խոսքով՝ բազմաթիվ մարդիկ իրենց ապահով չեն զգացել Եվրոպայում իսլամիստների վերջին հարձակումների հետևանքով:
Սուրբծննդյան պատարագով սկսվում է միջոցառումների մի ողջ շարք Հռոմի պապի մասնակցությամբ՝ նվիրված Սուրբ ծննդին:
Այսպես, այսօր նա ուղերձով կդիմի կաթոլիկ հավատացյալներին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից: