
«Մենք հանդես ենք գալիս ոչ թե հակադրության, այլ համադրության դիրքերից». Արթուր Բաղդասարյան

Երևանում կայացավ «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության համագումարը, որին ներկա էր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Հայկական վերածնունդ» կուսակցության Երիտասարդական միության հաշվետու ժամանակաշրջանի աշխատանքները ներկայացրեց կուսակցության երիտասարդական միության նախագահ Դավիթ Հարությունյանը, ով անդրադարձավ նաև առաջիկա ծրագրերին: Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում բավական ակտիվ գործունեություն են ծավալել:
«Մեկ տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ երիտասարդական ծրագրեր, բարձրացրել ենք երիտասարդներին մտահոգող խնդիրները: Այս ընթացքում կուսակցությունը հետաքրքրել է մեծ թվով երիտասարդների: Շատերն են ցանկանում միանալ մեզ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ողջունելով երիտասարդներին` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ վստահաբար կարելի է ասել, որ իրենց կուսակցության երիտասարդական միությունը կայացել է:
«Մենք պետք է որդեգրենք պայքարի ճանապարհը, իրավունք չունենք անտարբեր լինել: Այդ գործում երիտասարդները մեծ առաքելություն ունեն: Մենք ցանկանում ենք հայրենիքի վերածնունդ, ուզում ենք, որ հայն ապրի աժանապատիվ հայրենիքում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համախմբում է 200 հասարակական կազմակերպությունների, քաղաքական կառույցների, քաղաքական նախաձեռնությունների, երիտասարդական միությունների: Արթուր Բաղդասարյանը լայն համախմբման անհրաժեշտություն է տեսնում:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի խուսափել առողջ համագործակցությունից: Մենք հանդես ենք գալիս ոչ թե հակադրության, այլ համադրության դիրքերից»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Կուսակցության նախագահը նշեց, որ իրենց նպատակն է նոր որակի իշխանություն ձևավորելը, որը սպասարկելու է ազգի, հասարակության շահերը: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ առաջիկա համապետական ընտրություններին ակնկալում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը:
Հեղինե Բիշարյանն էլ ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածությունն առաջադրող երիտասարդների անունները: Երիտասարդները ներկայացնում են Երևանը, Գեղարքունիքը, Լոռին, Տավուշը, Արմավիրը, Շիրակը, Կոտայքը, Սյունիքը, Արարատը: