Բաժիններ՝

Ձայնս իմ զենքն է. Կիպրոսը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի հայազգի Հովիգը

«Եվրատեսիլ 2017» երգի ամենամյա մրցույթին Կիպրոսը կներկայացնի հայազգի երիտասարդ երգիչ Հովիգը: Մրցույթի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Հովիգի հետ:

-Ազգությամբ հայ եք: Կիպրոսու՞մ եք ծնվել:

-Կիպրահայ եմ և ծնվել եմ այնտեղ: Հաճախել եմ հայկական դպրոց ու հարկ եմ համարում նշել, որ տանը հաղորդակցվել ենք հայերենով: Կիպրոսի ժողովուրդն ինձ ճանաչում է որպես հայ երգիչ: Այնտեղի «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատասխանատուներն ինձ վաղուց գիտեին, քանի որ երկու տարի առաջ առնչվել էի նրանց հետ: Որոշեցին, որ ինձ համար լավ առիթ և հնարավորություն է այս տարի ներկայացնել Կիպրոսը Եվրատեսիլում: Առանց երկար-բարակ մտածելու անմիջապես ընդունեցի այն: Ե՛վ անակնկալ էր, և՛ ոչ, սակայն ուրախ եմ, որ հենց այս տարի այդպես դասավորվեց, քանի որ շատ ինքնավստահ մ, պատասխանատվության մեծ զգացում ունեմ:

-Վաղու՞ց եք զբաղվում երաժշտությամբ:

-Ինչ ինձ հիշում եմ, երաժշտության ոլորտում եմ: Այն ինձ համար լավագույն արտահայտչամիջոցն է: Հատկապես շատ էի երգում դպրոցում: «Նարեկ» վարժարանում ինձ Պավարոտի էին անվանում: 12 տարեկանում «Մելքոնյան» կրթական հաստատությունում ավելի մասնագիտացա երաժշտական ասպարեզում՝ մարզելով, մշակելով ձայնս:

873123

-Կա՞ն ոճեր, որոնք ձեզ առավել դուր են գալիս:

-Վաղ հասակում դասականի կողմնակից էի. կարող էի առանց հոգնելու լսել տարբեր օպերային երգիչների կատարումներ և մեծ բավականություն ստանալ: Հետագայում սիրահարվեցի ջազին, երբեմն կատարում էի հանրահայտ երգիչների ստեղծագործություններ: Հնարավորություն եմ ունեցել համագործակցել Կիպրոսի լավագույն ջազմենների հետ: Կա մի բայց. ինչքան մեծանում եմ, այնքան հասկանում, որ ինձ ավելի հոգեհարազատ է փոփը: Ինձ փոփ երգիչ եմ համարում: Թվացյալ պարզ երաժշտություն է, բայց անսահման է:

-Միայն կատարում ե՞ք, թե նաև ստեղծագործում:

-Գրելն իր յուրահատկությունն ունի, և ես սիրով եմ ստեղծագործում: Թողարկել եմ որոշ երգեր: Նվագում եմ կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ: Կարծում եմ՝ մեր ժամանակներում երաժիշտը պետք է ունիվերսալ լինի և կարողանա ամեն բան անել, սակայն առաջնայինը ձայնն է, որն իմ զենքն է:

-2009-ին մասնակցել եք Հունաստանի «X ֆակտոր» նախագծին: Ծրագրից հետո ձեր կյանքում ինչ-որ բան փոխվե՞ց:

-Դպրոցն ավարտելուց հետո հաշվապահությամբ էի զբաղվում, հետո հետաքրքրվեցի մարքեթինգով, անգամ սովորում էի այդ ուղղությամբ, բնականաբար երգը չէի մոռացել: Մտքովս չեր անցնում մասնակցել այդ ծրագրին, սակայն ընտանիքիս անդամները, ընկերներս ասացին, որ անհրաժեշտ է ուժերս փորձել «X ֆակտոր»-ում: Ինձ ընտրեցին, և ես հասա մինչև 11-րդ փուլ: Շատ բան վերցրեցի, սովորեցի, ձեռք բերեցի բազմաթիվ կարևոր ու թանկ ծանոթություններ, կապեր: Բայց միշտ մտածել եմ, որ նման ծրագրերն ընդամենը լավ, ստացված հեռուստատեսային մրցույթներ են, որոնք օգնում են առաջին քա լերն անել, ոչ հիանալի կարիերա սկսել: Սխալվում են այն մարդիկ, որոնք կարծում են, որ «X ֆակտոր»-ի միջոցով բոլորը կարող են հիանալի կարիերա անել: Կամաց-կամաց է պետք առաջ շարժվել:

5

-«Եվրատեսիլ»-ում կարևորվում է, երգը՞, վոկալը՞, թե՞ շոուն:

-Կարծում եմ՝ առաջնայինը բնավորությունն է: Երգիչը պետք է ունենա կամային հատկություններ, հզոր ձայն, հղկված և մարզված մարմին: Բայց «Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է, և երգի դերը մեծ է: Հաղթանակին նպաստում է նաև մտածված շոուն: Ասես երեք մասից բաղկացած բուրգ լինի՝ ձայն, երգիչ, երգ:

-Քաղաքականությունը դեր խաղու՞մ է:

-Որպես արտիստ չեմ ցանկանում մտածել, որ քաղաքականությունը տեղ ունի մրցույթում, բայց, անշուշտ, դեր խաղում է: Նախընտրում եմ լինել ռոմանտիկ և ասել, որ քաղաքականությունը կապ չունի. «Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է:

-Ինչպե՞ս Կիպրոսի հանրությունն ընդունեց այն հանգամանքը, որ դուք եք ներկայացնելու իրենց երկիրը:

-Հայերս Կիպրոսում մեզ օտար չենք զգում: Կառավարությունը և մարդիկ հայերին լավ են ընդունում: Հայ լինելով հանդերձ մեզ կիպրոսցի ենք համարում: Ոչ մի խնդիր չառաջացավ: Ինձ սիրում են այնտեղ և սիրով ընդունեցին այդ հանգամանքը: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք գուցեև այդպես չեն մտածում. դա բնական է: Վատ մեկնաբանություններին աշխատում եմ ուշադրություն չդարձնել:

-Հայաստանն արդեն տասը տարի մասնակցում է այս մրցույթին: Ճանաչու՞մ եք մասնակիցներից որևէ մեկին:

-Անդրեին եմ տեսել Կիպրոսում: Ծանոթանալու հնարավորություն չի եղել: Ամեն տարի նայում եմ մրցույթը: Հայաստանը միշտ բարձր մակարդակով է ներկայանում, որակ է ապահովում: Զգացվում է, որ չափազանց մեծ աշխատանք են իրականացնում:

-Հայտնի՞ է, թե ինչ երգ, շոու եք ներկայացնելու և ում հետ եք համագործակցելու այս ընթացքում:

-Երգի հեղինակը Թոմաս Գիսոնն է, որը հայտնի է և «Եվրատեսիլ»-ում հաջողության հասած բազմաթիվ երգերի հեղինակ է: Նրա հետ տարբեր գաղափարներ ենք քննարկել և մոտավորապես գիտենք, թե ինչ ենք ներկայացնելու, բայց չեմ կարող փակագծերը բացել: Պատրաստ լինելուն պես երգը կներկայացնեմ բոլորին, հուսամ՝ նաև Հայաստանում անձամբ երգելու հնարավորություն կունենամ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից:

-Սա մեծագույն երգի մրցույթ, է որով հետաքրքրված են աշխարհի բոլոր ծայրերում: Այդ մեծ իրադարձության մաս կազմելն արդեն հաղթանակ է: Նման փորձը շատ կարևոր է: Վստահ եմ ինձ զգում, պատրաստ եմ լավ հանդես գալ և պարզապես հաճույք ստանալ իմ մասնակցությունից: Եթե անցնեմ եզրափակիչ, խոստանում եմ, որ հանրությունը լավագույն Հովիգին կտեսնի:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս