«Այն, որ 2017 թվականի շեմին ամբողջ ՀՀ պետությունը պետք է պարտքով Նոր տարի անի, դա մի քիչ դժվար կանխատեսելի էր». Նիկոլ Փաշինյան
«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է վարկային տենդի մեջ, և իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում են մի քանի վարկային համաձայնագրեր վավերացնելու մասին հարցերը, ըստ որոնց՝ ՀՀ-ին տրվում է 180 միլիոն դոլարի վարկ։
«Կառավարությունն ասում է՝ դե, մեզ վստահում են, վարկ են տալիս։ Երեկ ինձ զանգել էր մարզերից մեկի գյուղի բնակիչ և ասում էր, որ բանկերից մեկին 1000 դոլար ժամկետանց վարկ ունի, որը չի կարողանում վճարել, և պետք է միջնորդել, որ բանկն ինչ-որ բան անի։ Առանց որևէ միջնորդության՝ բանկն այդ մարդուն կանչել էր, ասել էր, չես կարող վճարել, 300 հազարը բեր տուր, մենք քեզ նոր վարկ կտանք, էն մնացածը դրանով կփակես։ Այսինքն՝ հիմա էդ գյուղացին ասի՝ ինձ վարկ են տալիս՝ ես վարկունա՞կ եմ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
Նա անդրադարձավ նրան, թե ՀՀ-ում վարկերն ընդհանրապես ինչպես ենք օգտագործում. ««Հյուսիս-Հարավ» ճանապարհը, որ այս դահլիճում մի քանի անգամ հնչել է, պաշտոնական՝ երկրի իշխանության բարձրագույն ղեկավարների մասնակցությամբ ժապավենը կտրել են ու բացել են, այդ բացելուց հետո՝ էդ ճանապարհը փակ է նորից, քանդել են, որովհետև պարզվել է՝ սխալ են կառուցել այդ ճանապարհը։ Այսինքն՝ մարդը գումար ծախսի, տուն կառուցի, պարզվի՝ այդ տանը ոչ դուռ կա, ոչ լուսամուտ։ Ու սրա համար ո՞վ է պատասխան տալիս, ոչ ոք։ Ու սա նորմալ է, նրանք հո ճանապարհ չէի՞ն կառուցում, որ ճիշտ կառուցեին կամ սխալ, նրանք վարկ էին ուտում, լափում։ Իրենց գործն այդ վարկը լափելն է, լափել են։ Մինչև հիմա լսե՞լ էինք, որ ՀՀ-ում կան մարդիկ, որ պարտքով Նոր տարի են անում, բայց, որ 2017 թվականի շեմին ամբողջ ՀՀ պետությունը պետք է պարտքով Նոր տարի անի, դա մի քիչ դժվար կանխատեսելի էր»։