«Սա, թերևս, ամենաբարդ հարցերից մեկն է, որ ես հաճախ ստիպված եմ լինում պատասխանել». Արփինե Հովհաննիսյան

«Քաղաքական կամքի բացակայության մասին խոսելը ճիշտ չէ, ու թույլ տվեք ասել՝ մենք ձեզ հետ շատ ենք այս առիթով խոսել, ազնիվ էլ չէ, որովհետև ապօրինի հարստացման քրեականացման նախագծի անհրաժեշտության կամ այս նախագծի մասին շատ երկար է խոսվել, և շատերդ թերահավատ էիք։ Շատ-շատերը թերահավատ էին, որ այդ նախագիծը երբևէ կհասնի խորհրդարան, խորհրդարանում էլ կքվեարկվի ու կընդունվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մտավախություններին, որ ապօրինի հարստացման քրեականացումը կգործի՝ ըստ նպատակահարմարության, քաղաքական կամք չկա։

Ըստ նրա՝ հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի նախագիծը գործի լիարժեք, ոչ թե ընտրանքային։ Նա նշեց, որ քանի դեռ Հայաստանի օրենդրությունն ու իրավապահ համակարգն այս առումով անցյալ չունեն, պարտավորվել են այնպիսի մեխանիզմներ մշակել, որ այն մահակ չդառնա որևէ մեկի համար. «Իրավապահ համակարգը պետք է հսկայական աշխատանք կատարի,  ապացուցի, եթե նույնիսկ պաշտոնատար անձը ոչինիչ չասի կամ լռի, ապացույցներն անհերքելի լինեն։ Մենք դրել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա, որ այս նախագիծը երբևէ վերածվի մահակի»։

Անդրադառնալով դատավորների պատասխանատվությանը, որոնց սխալների հետևանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացնում Հայաստանի դեմ, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Սա, թերևս, ամենաբարդ հարցերից մեկն է, որ ես հաճախ ստիպված եմ լինում պատասխանել։ Ինչո՞ւ բարդ. որովհետև հարցադրման մեջ արդարության առերևույթ պահանջն ինքնին առկա է։ Շատ տրամաբանական է, որ ձեզնից յուրաքանչյուրը, ես էլ կարող եմ բարձրացնել այդ հարցը՝ ինչո՞ւ մենք պետք է բյուջեից վճարենք, եթե, օրինակ, դատական սխալ է առկա։ Իմ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում տևական պրակտիկան, այն հանգամանքը, որ ես Իրավական հարցերի հանձնաժողովի անդամ եմ եղել և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ, թույլ է տալիս մի բան փաստել, որքան էլ դա ցավոտ ընդունենք։

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն այս խնդրի լուծումն ավելի շատ և առավելապես չեն դիտում նրա մեջ, որ պիտի գնաս և այդ դատավորի գրպանից հանես այդ գումարը։ Եթե դա ապացուցված է դատավճռով, որևէ խնդիր չկա։ Հիմա էլ կա այդ մեխանիզմը՝ եթե դատավճռով ապացուցված է դատավորի մեղքը, ապա քաղաքացու վնասը կհատուցի ՀՀ-ն, ապա հետադարձ պահանջով դատավորից կպահանջի գումարը։ Քաղաքացիական օրենսգրքում կա այս մեխանիզմը, բայց արդյոք յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, օրենքի բացի պատճառով, սխալ կիրառելու յուրաքանչյուր դեպքում դատավորից պե՞տք է հատուցում պահանջել։ Աշխարհի տարբեր երկրներ այս հարցին գրեթե միանշանակ պատասխանում են՝ ոչ։ Ինչո՞ւ։

Որովհետև սա շատ մեծ նշանակություն ունի դատավորի անկախության համար։ Սա էլ դառնում է գործադիր իշխանության լծակն ու մահակը յուրաքանչյուր դեպքում, դատավորի յուրաքանչյուր սխալի համար, նույնիսկ, երբ այս սխալն իրավական որոշակի հիմնավորումներ է ունեցել»։

Տեսանյութեր

Լրահոս