
«Հենրիխ Մխիթարյանը անում է ավելին, քան 10 սպորտի նախարարություն կամ 10 տուրիզմի կոմիտե». Ս. Ֆարմանյան

Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի ընթացքում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր մտահոգությունը հայտնեց Մարզական լրագրողների ֆեդերացիայի վերջերս կազմած հայաստանյան տասը լավագույն մարզիկների ցուցակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ անտրամաբանական է Հենրիխ Մխիթարյանին այդ ցուցակից դուրս թողնելը:
«Այս տարի եւս հրապարակվել է այդ ցուցակը, եւ լավագույն մարզիկ ճանաչվել է մեր բոլորի հպարտություն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, եւ տրամաբանորեն այդ ցուցակում տեղ են գտել մեր մյուս հպարտություններ Միհրանը, Գոռը, Սիմոնը, Նազիկը եւ այլք: Ինձ հուզում է այն, որ, չգիտես ինչու, այդ ֆեդերացիան, տարիներ շարունակ սեփական չափանիշներով կազմելով այդ ցանկը, դուրս է թողնում մեր ֆուտբոլային հանճար, դեսպան Հենրիխ Մխիթարյանին: Անշուշտ, նա կարիք չունի լավագույն մարզիկների այդ ցուցակում լինելու, բայց համեմատության համար ասեմ, որ որոնողական համակարգով նրա անուն-ազգանունը փնտրելիս բերում է 9 մլն արդյունք, մինչդեռ միլիոններ ծախսած Բաքվի օլիմպիական խաղերի համար՝ ընդամենը 2 մլն:
Նա այսօր հայկական ֆուտբոլի ոչ միայն առաջատարն է, հանդես է գալիս գերակումբում, ոչ միայն այս տարվա ընթացքում ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի լավագույն խաղացող, ոչ միայն մասսայականացնում է հայկական սպորտը, այլեւ անում է շատ ավելին Հայաստանի ճանաչելիության առումով, քան տասը սպորտի նախարարություն կամ զբոսաշրջության կոմիտե իրար հետ վերցրած»,-ասաց նա: