Ռուս դեսպանի մարդասպանը հրաժարվել էր հանձնվել իրավապահներին. ԶԼՄ-ներ
Թուրք ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որին իրավապահները գնդակահարել էին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո, սպանվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է հանձնվել իրավապահներին, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Նրանց տվյալներով՝ ցուցասրահում կրակոցներին առաջինն արձագանքել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք Ալթընթաշին առաջարկել են հանձնվել, սակայն նա բղավել է, որ այդտեղ է գտնվում «մեռնելու համար»։ Նա հրաժարվել է հանձնվել նաև դեպքի վայր ժամանած հատուկ ջոկատայիններին։
Ոտքին վնասվածք ստանալով՝ նա շարունակել է կրակել՝ վերալիցքավորելով ատրճանակը։ Երբ նա ձեռքը տարել է գրպանի ուղղությամբ, ոստիկանները սպանել են նրան՝ մտածելով, թե նա մահապարտ ահաբեկիչ է, որը պատրաստվում է պայթեցնել ռումբ։
«Սրահում այդ ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ կային, և ռուս դեսպանը կարող էր ողջ լինել այդ ժամանակ»,- ԶԼՄ-ներին հայտնել են իրավապահները։
Ոստիկանության տվյալով՝ մարդասպանը ստացել է փամփուշտի 7 հարված։