Ինչո՞ւ է զբոսաշրջային ընկերությունը հայտնվել պատային իրավիճակում
Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքի «դրայվը» գործնականում ապացուցման կարիք ունի։ Առօրյա կյանքում պարզ և լուծելի խնդիրների պատճառով բիզնեսը հայտնվում է պատային իրավիճակում։
Հայաստանի կառավարությունը շարունակում է զբոսաշրջությունը գերակա ուղղություն համարել, Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե Հայաստանը թերագնահատված է` որպես տուրիզմի երկիր, պոտենցիալն ամենուր է` Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը դառնալու ֆանտաստիկ շանս ունի Գյումրին, Տավուշի մարզի համայնքները մեծ ներուժ ունեն, Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծն արդեն սեղանին է…
Զբոսաշրջությունն իր ուրույն տեղն ունի կառավարության 2016 թ. ծրագրում, ըստ որի` զբոսաշրջային արդյունքները պետք է թիրախավորված փաթեթավորվեն, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի ճանաչելիությունը բարձրացվի, թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքետինգային քաղաքականություն վարվի, զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղություններին, այդ թվում` առողջապահական ու կրոնական տուրիզմին, զարկ տրվի, և, որ ամենակարևորն է, արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին աջակցություն ցուցաբերվի։
Իսկ թե ի՞նչ է արվում իրականում, ներկայացնենք կոնկրետ օրինակով։ «168 Ժամի» խմբագրություն են դիմել «Արկ-Տուր» ՍՊ ընկերության հիմնադիրներ Խաչատուր և Հովսեփ Սարգսյանները։ Նրանք ընկերությունը հիմնադրել են այս տարի օգոստոսին` բժշկական և կրոնական զբոսաշրջությամբ զբաղվելու համար։ Նկատենք, որ «Արկ-Տուրը» նախադեպը չունեցող բժշկական զբոսաշրջությամբ զբաղվող Հայաստանում հիմնված առաջին նպատակային ընկերությունն է, որը կազմակերպում է հանրապետությունում գործող միջազգային ճանաչում ունեցող կլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում բուժման համար Հայաստան ժամանած հիվանդ զբոսաշրջիկի հետազոտումն ու բուժսպասարկումը։
Այդ նպատակով այս կարճ ժամանակահատվածում զգալի աշխատանք է կատարվել, հուշագրեր են կնքվել Հայաստանում գործող միջազգային ճանաչում ունեցող այնպիսի ախտորոշիչ և օրթոպեդիկ, սրտաբանական, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական ու այլ հիվանդությունների բուժում իրականացնող բժշկական կլինիկաների հետ, ինչպիսիք են «Էրեբունի», «Նաիրի», «Մ.Մալայանի անվան ակնաբուժական» և «ՎԻՏՐՈՄԵԴ» վերարտադրողական առողջության բժշկական կենտրոնները։
Ընկերությունը նպատակադրել է կանանց և տղամարդկանց անպտղության և տեսողական խնդիրների բուժման ուղղությունները։ Կրոնական զբոսաշրջության զարգացման գաղափարը, ինչպես «168 Ժամին» պատմեց Հովսեփ Սարգսյանը, ծագել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելությունից հետո։
Նորաստեղծ ընկերությունը սեպտեմբերին դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին` հայցելով օրհնություն և արտոնություն` Հայ Առաքելական եկեղեցիներում ուխտագնացություն իրականացնելու համար, և ստացել է վեհափառի աջակցությունը։ «Հռոմի պապի այցից հետո, մեր դիտարկմամբ, աշխարհի շատ կաթոլիկ համայնքներում մեծ հետաքրքրություն է առաջացել Հայաստանի նկատմամբ` որպես առաջին քրիստոնյա երկրի»,- ասաց Հ.Սարգսյանը։ Որպես թիրախային երկրներ` ընտրվել են 400 մլն բնակչությամբ աֆրիկյան 9 պետություններ` Տանզանիան, Ուգանդան, Քենիան, Ռուանդան, Բուրունդին, Զամբիան, Հարավային Աֆրիկան, Եթովպիան և Էրիթրեան։ Առաջին հայացքից գուցե ընտրությունը տարօրինակ է թվում, սակայն այն շատ հիմնավորված է։
«Ոչ մի եվրոպացի կամ ամերիկացի չի գա Հայաստան բուժվելու, ուրեմն մենք պետք է երրորդ կարգի երկրներից բերենք, բայց խնդիրն ընդամենը մուտքի արտոնագիրն է` ՀՀ-ն այս երկրներից ոչ մեկի հետ պատշաճ դիվանագիտական փոխադարձ կապեր կամ հյուպատոսական ծառայություններ չունի»։ Երկար տարիներ աֆրիկյան երկրներում աշխատած Խաչատուր Սարգսյանի խոսքով` քրիստոնյա այս պետությունների քաղաքացիները շատ խստորեն հետևում են հոգևոր կյանքին և մեծ ցանկություն ունեն այցելելու առաջին քրիստոնյա երկիր, մասնակցելու պատարագներին, հաղորդակից լինելու հայոց քրիստոնեությանը։
Ըստ նրա` մեծ պոտենցիալ ունի նաև առողջապահական տուրիզմը. «Ոչ մի եվրոպացի կամ ամերիկացի չի գա Հայաստան բուժվելու, ուրեմն մենք պետք է երրորդ երկրներից բերենք։ Բայց ինչպե՞ս ենք բերելու, եթե մուտքի արտոնագիր չենք կարողանում ստանալ։ Եթե հիվանդը պետք է գնա Կահիրե, վիզա ստանա, նորից գնա Աֆրիկա և նոր միայն գա Հայաստան, նա չի գա, միանգամից կգնա Հնդկաստան։ Այսինքն` մենք արհեստական պատնեշներ ունենք, որոնց պատճառով հնարավոր չի ուրիշի ձեռքից հաճախորդ խլել։ Այսինքն` մենք պետք է հեշտացնենք մուտքը մեր երկիր, որովհետև մեր անունը Եվրոպա է, և աֆրիկացի հիվանդի համար ավելի լավ է, որ ասի` ես գնում եմ Եվրոպա բուժվելու։ Հավատն ուրիշ է, բայց մենք պայման չունենք»։
Ներկայում 20 աֆրիկացի սպասում է մուտքի արտոնագրի։ Խ. Սարգսյանը շեշտում է, որ նրանք անպտղության և տեսողական խնդիրներ ունեցողներ են, ոչ մի վարակիչ հիվանդություն չունեն և վտանգ չեն ներկայացնում մեր քաղաքացիների համար. «Այս ուղղություններով այնտեղ բուժծառայության որակը բավարար չէ, իսկ Հայաստանում բավականին բարձր մակարդակի ծառայություն է մատուցվում։ Խնդիրն այն է` ինչպես խլես այդ հաճախորդներին»։ Խ.Սարգսյանի հաշվարկով` յուրաքանչյուր հյուր օրական 100 դոլար է թողնելու, ամսական շրջանառությունը կկազմի նվազագույնը 100-150 հազար դոլար, չհաշված` հիվանդանոցային ծախսերը, այսինքն` այս այցելությունների մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծ է լինելու։
Մուտքի արտոնագրերի հարցում աջակցություն ստանալու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է ՀՀ վարչապետին և արտգործնախարարին` խնդրելով թույլատրել աֆրիկացի հյուրերի վիզաների ստացումը կազմակերպել ՀՀ սահմանային անցակետերում` հրավերքների նախնական ձևակերպումից և համապատասխան ստուգումներից հետո։
«Արկ-Տուրը» պատրաստ է նաև սեփական միջոցներով Աֆրիկյան միության երկրների համար ՀՀ համատեղությամբ պատվավոր հյուպատոսություն բացել։ Պատասխան ստացվել է միայն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեից, որ իբրև նախարարությունը` ԱԳՆ-ի հետ համատեղ, «ևս մեկ անգամ» քննարկել է նախաձեռնությունը, բայց կառավարության որոշումը փոփոխության ենթակա չէ, և գտնում են «ոչ նպատակահարմար» վերոնշյալ երկրների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրել հեշտացված կարգով` ՀՀ սահմանային անցակետերում։
«Ես կարծում եմ` վարչապետը կամ նախարարները չգիտեն այս մասին, ինչ-որ օղակներ փակում են ճանապարհը, ու մեր նամակները նրանց չեն հասնում։ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»-ը մեր ծրագիրն է, ինչպե՞ս այն հայտնվեց կառավարության ծրագրում։ Մենք այն ուղարկել էինք ԱԳՆ և կառավարություն։ Ու հիմա չենք կարողանում ղեկավարների հետ հանդիպել ու քննարկել,- ասում է Խ.Սարգսյանը և շարունակում,- Այսօր ունենք աֆրիկացի բիզնեսմեններ, որ ուզում են գան, հայկական ապրանքին ծանոթանան, տանեն իրենց երկիր, բայց չենք կարողանում հրավիրել։ Ինչո՞ւ են այդ երկրները հայտնվել սև ցուցակում, դրանք քրիստոնյա երկրներ են։
Զավեշտ է, որ այդ քաղաքացիներն անարգել այցելում են Անգլիա, ԱՄՆ, իսկ Հայաստան գալ չեն կարողանում։ Ինձ թվում է` մեր ԱԳՆ աֆրիկյան բաժինը ոչ մի ինֆորմացիա չունի այդ երկրների մասին։ Այնտեղ տարբեր երկրներում բարձր պաշտոններում հայ մասնագետներ ունենք, օրինակ` Զամբիայի նախագահի գլխավոր բժիշկը հայ է։ Բայց ոչ մի նման հնարավորություն չի օգտագործում, չէ՞ որ դա նաև դիվանագիտական ուղի է»։
«Մենք կառավարությունից ոչ մի բան չենք ուզում` ո՛չ ֆինանսական, ո՛չ այլ։ Պարզապես թույլ տվեք մենք աշխատենք, դուք էլ մեր հետ եկամուտ կստանաք»,- հավելում է ընկերության համահիմնադիրը։