«Եթե կարողանանք Սև ծովը կապել Պարսից ծոցին, կշահեն երկու երկրները և ողջ տարածաշրջանը». Հասան Ռոուհանի

«Մենք խոչընդոտներ չենք տեսնում, այն անվտանգությունը, որն առկա է ՀՀ-ում և Իրանում, չափազանց կարևոր է։ Դա շատ լավ հենք է տնտեսական համագործակցության համար»,- այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ամփոփիչ իր խոսքում այս մասին ասաց  պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին։ Նա նշեց, որ իր հայաստանյան այցի բանակցությունների  առանցքներից մեկն իրանական գազի արտահանման զարգացումն էր, ընդլայնումը դեպի Հայաստան։

Ռոուհանիի որակմամբ՝  առաջին քայլը կատարվել է երկու ժողովուրդների միջև առավել լավ հարաբերություների համար` նկատի ունենալով Մեղրիում և Ագարակում իրանական գազի  մատակարարման մեկնարկը։ «Հաջորդ քայլը, որ պետք է կատարվի, բանկային հարաբերություններն են երկու երկրների միջև, դրանք պետք է աշխուժանան:

Առանց բանկային հարաբերությունների զարգացման՝ երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները չեն կարող զարգանալ, անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրների գործարարները վստահ լինեն, որ հեշտությամբ կարող են ֆինանսական փոխանցումներ իրականացնել:

Երրորդ հանգամանքը, որին մենք պետք է հետամուտ լինենք, մաքսային, հարկային հարաբերություններն են, պետք է մեր մաքսատները նպաստեն ապրանքների փոխադրումներին և երաշխավորեն դրանք:

Հուսով ենք, որ այդ քայլը կատարված կլինի: Բարեբախտաբար, Իրանի մաքսատունը հատուկ պայմաններ է նախատեսել ՀՀ-ի համար, և դա կարող է նպաստել տնտեսական հարաբերություններին: Հաջորդ հանգամանքը, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերություններին, ազատ տնտեսական գոտու օգտագործումն է արդյունավետորեն: Ազատ տնտեսական գոտին կարող է երկու երկրների հարաբերությունները դյուրացնել:

Իրանի և Հայաստանի աշխարհագրական դիրքերը ևս կարևոր են, կարևոր է տարանցիկ միջանցքը Հյուսիս-Հարավ։ Եթե  մենք  կարողանանք ավտոմոբիլային ճանապարհի միջոցով Հայաստանի, Վրաստանի միացմամբ Սև ծովին միանալով, ապա հետագայում՝ երկաթգծի կառուցմամբ,  կապ ստեղծենք, որով  Սև ծովը կկապվի Պարսից ծոցին, մեծ տնտեսական զարգացում տեղի կունենա տարածաշրջանում, և կշահեն մեր երկու երկրները:

Մենք խոչընդոտներ չենք տեսնում, այն անվտանգությունը, որն առկա է ՀՀ-ում և Իրանում, չափազանց կարևոր է։ Դա շատ լավ հենք է տնտեսական համագործակցության համար: Մենք պետք է նախընտրելի սակագների և առևտրի ուղղությամբ լավ քայլեր կատարենք թե՛ Իրանի և Հայաստանի, թե՛ Իրանի և ԵՏՄ-ի միջև, որի անդամն է Հայաստանը, և շուտով տեղի է ունենալու համաժողով, և հուսով ենք, որ առաջին քայլն Իրանի և միության միջև տեղի կունենա նախընտրելի առևտրի համար»,- ասաց Ռոուհանին:

Տեսանյութեր

Լրահոս