«ՀՀ-ի և ԻԻՀ-ի մոտ հարաբերությունները զարգացնելու ուժեղ քաղաքական կամքն առկա է». Հասան Ռոուհանի

Այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանն ու պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: Նախագահները փակեցին համաժողովը կարճ ելույթներով: ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին ասաց, որ իրանական պատվիրակությունը հյուրընկալվել է բարձր մշակույթ ունեցող և բարեկամ Երևանում և ՀՀ կառավարությանը:

Նախագահ Ռոուհանին  հարկ  համարեց ջերմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ-ի ժողովրդին  հյուրընկալության համար: Ըստ նրա՝ կարևոր է, որպեսզի երկու բարեկամ և հարևան երկրները կարողանան օգտագործել միմյանց հնարավորությունները՝ ի շահ երկու ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի: Ռոուհանիի խոսքով, երկու երկրների ժողովուրդներն ունեն մեծ կապիտալ, ինչը միմյանց կողք կողքի երկար ժամանակների հարաբերությունների և ընդհանուր քաղաքակրթության արդյունք է։

«Իրանահայերի գոյությունն Իրանում համարվում է  շատ ուժեղ կապող օղակ Հայաստանի և Իրանի միջև, և  մենք պետք է այդ հնարավորությունները լավագույնս օգտագործենք, դա անելու համար երկու  կառավարությունները պետք է կարողանան ապահովել համապատասխան պայմաններ երկու երկրների առևտրականների և գործարարների, տնտեսական ոլորտի ձեռներեցների համար: Հավանական խոչընդոտները պետք  վերացվեն: Առաջին կարևոր հանգամանքն այն է, որ ուժեղ կամքն ԻԻՀ-ի և ՀՀ-ի իշխանությունների մոտ առկա է և այդ կամքը չափազանց կարևոր է, երբ բարձր մակարդակում հաստատակամ լինենք և կամք ունենանք, ավելի հեշտ հնարավոր կլինի խնդիրները և հավանական խոչընդոտները վերացնել: Ես նախագահի հետ հանդիպման և ասուլիսի ժամանակ  այդ կամքը լավագույնս նկատեցի,  ՀՀ իշխանությունները ցանկություն ունեն զարգացնելու հարաբերությունները:

Կարևոր քայլ կատարվեց՝ ոչ արտոնագրային ռեժիմի սահմանումն էր: Տուրիզմի մասին նշեց պարոն նախագահը, դա  ոլորտներից միայն մեկն է, երբ ոչ արտոնագրային ռեժիմ է անհրաժեշտ, դա սահմանվում է առևտրային նպատակներով, գիտական, ժամանցի, կրթության նպատակներով, հեշտությամբ կարող են փոխայցելություններ լինել: Այսօր պարոն վարչապետն ասում էր, որ այնպես պետք է անենք, որ էժան օդանավով կարողանանք երկու երկրների միջև կապ հաստատել, որպեսզի մարդիկ չնչին ծախսերով փոխայցելություններ կատարեն, հետո էլ անհրաժեշտ կլինի էժան հյուրանոց: Ամեն դեպքում, ճիշտ է այն խոսքը, որ մենք պետք է օգտագործենք եղած հնարավորություններն ի շահ երկու երկրների:

Չափազանց ուրախ եմ, որ ինձ ասացին, որ այսօրվանից Մեղրիի և Ագարակի բնակիչները կարող են իրանական գազ օգտագործել, և այսօրվանից գազն արդեն բոցավառվեց այդ երկու քաղաքներում: Սա նշանակում է, որ ականատեսն ենք ներդրված ջանքերի արդյունքին, գազը կարող է նպաստել ՀՀ-ի զարգացմանը, և, ինչպես ժողովրդի սրտերն են ջերմ, մարդկանց տներն  էլ կջերմանան»,- ասաց Ռոուհանին:

Տեսանյութեր

Լրահոս