ՄԱԿ-ը ողջունել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ հայտարարությունը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ողջունում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ հայտարարությունը Մոսկվայի հանդիպման արդյունքներով։
«Ես ողջունում եմ համատեղ հայտարարությունն ու այն օգտակար եմ համարում Ժնևում փետրվարի 8-ին կայանալիք միջսիրիական բանակցությունների վերսկսման առումով»,- ասել է դե Միստուրան RIA Novosti-ին։
Երեկ ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում քննարկել էին սիրիական վիճակը, այդ թվում՝ Հալեպում ստեղծված իրադրությունը։
Բանակցությունների արդյունքներով նախարարները հայտարարել էին Սիրայում կրակի դադարեցման ռեժիմի ընդլայնման կարևորության, ինչպես նաև Դամասկոսի և ընդդիմության միջև պատրաստվող համաձայնագրի երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին։
Բացի այդ, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համաձայնեցրել էին համատեղ հայտարարություն՝ Սիրիայում հակամարտության դադարեցման նպատակով քաղաքական գործընթացի աշխուժացման առումով։
Փաստաթղթում վերահաստատվում էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգումը՝ որպես բազմակրոն, ժողովրդավարական ու աշխարհիկ պետություն։