«ՀՀԿ-ն ընտրությունների կգնա՝ ինչպես միշտ». Վարդան Բոստանջյան

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ մշուշոտ ցուցանիշ է, որն ով ինչպես ուզենա, այնպես էլ կհաշվարկի։ Դրա համար որևէ մի այդպիսի բաղադրիչ գոյություն չունի, որ ցույց տա տնտեսության զարգացում կամ ոչ զարգացում։ Դա բստրած ինստիտուտ է, գիտենք՝ ում կողմից և ինչպես ստեղծվեց՝ ապակողմնորոշելու համար զանգվածներին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով հունվար-նոյեմբերին գրանցված ՏԱՑ-ի 0.6% աճը։ Ըստ նրա՝ կլինի 0.6%, 0.4%, կամ 4.8%, միևնույն է, դա ցույց է տալիս, որ ՏԱՑ-ով երբևիցե տնտեսության գնահատական չի կարելի տալ։

Բոստանջյանը նշեց, որ աշխարհում ընդունված ցուցանիշ է ՀՆԱ-ն, որի աճը մեզ մոտ տարվա արդյունքներով կարող է 0-ից էլ պակաս լինել. «Մեր մոտ երբևէ որակական առումով տնտեսական ցանկալի աճ չենք ունեցել, եղել է միայն քանակական աճ, ինչպես տարիներ առաջ՝ շինարարությունը»։

Նա փաստեց, որ բյուջեով նախատեսված ՀՆԱ աճի ցուցանիշը չի կատարվում. «Հարկային հավաքագրումները մինչև տարվա վերջ պետք է հասնեին 100 մլրդ դրամի, որն անիրական է, իսկ դա էլ նշանակում է, որ բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրեր ուղղակի չեն իրականանա։ Եվ եթե ունենք թերհավաքագրում բյուջետային հարկերի մասով, ապա տնտեսական աճի մասին խոսելն ավելորդ է»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն նման պայմաններում գնալու ընտրությունների, Վ.Բոստանջյանը մի պատմություն հիշեց. «Գիտական ավանում 2 ռուս հարբած, իրար հենվելով՝ գնում ե, և մի կին ամոթանք է տալիս, թե ինչպես են նրանք վաղն աշխատանքի գնալու։ Հնչում է պատասխան՝ ինչպես այսօր։ Այսինքն՝ ՀՀԿ-ն էլ ընտրությունների կգնա՝ ինչպես միշտ»։

Տեսանյութեր

Լրահոս