«Այդ քաղաքական տեսակները տարբեր են՝ դինոզավրերից մինչև սողուններ, թռչուններից մինչև կաթնասուններ, կան նաև բուսական աշխարհի ներկայացուցիչներ». Աշոտյանը՝ քաղաքական դաշտի մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտը նկարագրեց Չարլզ Դարվինի աչքերով: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երկրում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Աշոտյանը նշեց, որ փոխվել է քաղաքական կլիման, և տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել և երաշխավորել:

«Այդ քաղաքական տեսակները տարբեր են՝ դինոզավրերից մինչև սողուններ, թռչուններից մինչև կաթնասուններ, կան նաև բուսական աշխարհի ներկայացուցիչներ»,-  նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ սա կարելի է դիտարկել որպես գնահատական 2017թ. խորհրդարանկաան ընտրություններից առաջ:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ քաղաքական կյանքն էվոլյուցիա ապրի, որպեսզի քաղաքական մոլորակի վրա մնան մրցունակ տեսակները: «Ի դեպ, մի տեսակ չի մնալու: Ակնհայտ է, որ էվոլյուցիան պահանջում է մի քանի տեսակների գոյություն, հետևաբար՝ չի կարելի ասել, որ մեկը պետք է ոչնչացնի մնացածներին: Սա արդեն վաղուց հնացած գաղափար է քաղաքական մշակույթում՝ հատկապես խորհրդարանական կառավարման պարագայում: Այստեղ ամենակարևորն այն է, որ ֆորս-մաժորներ չլինեն, հրաբուխներ չլինեն, երկնաքարեր չընկնեն, մայրցամաքներ չանցնեն օվկիանոսի տակ: Այսինքն, քաղաքական էվոլյուցիայի վրա չազդեն «բնակլիմայական» պայմանները»,- նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ այս պարագայում կան բոլոր շանսերը Հայաստանում ձևավորելու քաղաքական տեսակետից գրավիչ և մրցունակ քաղաքական միջավայր: «Թե որ քաղաքական ուժը, որ քաղաքական կերպարն այս միջավայրում ինչ դիրք կգրավի, իհարկե, շատ քիչ է որոշվում միայն մուտքի փաստով, որոշվում է բազմաթիվ այլ նախադրյալներով, որոնց համադրումն է տալու քաղաքական արդյունք»,- ասաց նա՝ անդրադառնալով ընտրություններից առաջ քաղաքական վերադասավորումներին, ստեղծվող դաշինքներին և հնարավոր դաշինքների մասին խոսակցություններին:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ ինքն անձամբ ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն»  լիբերալ կուսակցությունների եռյակ դաշինքը: «Տառացիորեն մի քանի շաբաթ առաջ մենք այստեղ էինք, և ես ասացի, որ լիբերալ դաշտն անտեր է մնացել: Ես ուրախ եմ, որ առաջացել է բնական միավորման հնարավորություն ազատական գաղափարախոսության վրա: Մամուլում շրջանառվող համագործակցության հնարավոր այլ ձևաչափերը ինձ վրա դրական տպավորություն չեն թողնում: Դժվար է պատկարեցնել, թե, ըստ ձեզ, այս կամ այն կոնստրուկցիաները ստեղծող մարդիկ ինչ ընդհանրություններ ունեն բացի նրանից, որ ցանկանում են հաղթել ՀՀԿ-ին և դառնալ իշխանություն: Հաղթել և իշխանություն ունենալ տարբեր տարիներին ցանկացել են տարբեր ուժեր, սակայն կյանքը ցույց է տվել, որ միայն ցանկանալը քիչ է հաղթանակի հասնելու համար: Իշխանություն դառնալ ցանկացել են բոլորը, սակայն այս մոտիվացիան քիչ է հաղթելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ցանկացած քաղաքական ուժ գտնի իր մոտիվացիան, որով կարող է հավակնել այդ նպատակների իրագործմանը»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս