«Մտադիր ենք բիզնեսի տրամաբանություն ունեցող ամեն բան կա՛մ մասնավորեցնել, կա՛մ հանձնել մասնավոր կառավարման». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականին:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է, որպեսզի իր գլխավորած կառավարությունը ձևավորի ստեղծարար և ձեռներեց մտքի տեր անձանց համար գրավիչ միջավայր: Քորթնի Ֆինգարի հետ զրույցի ընթացքում, սակայն, նա նաև նշեց, որ վճռական է՝ ապահովելու, որպեսզի երկրի բնակչությունը համակարծիք լինի ապագայում իրագործվելիք փոփոխություններին:
– Որո՞նք են այն գերակայությունները, որոնց ցանկանում եք անմիջապես անդրադառնալ՝ որպես վարչապետ:
– Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ցանկացած խնդիր գերակա է: Տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և պայքար կոռուպցիայի դեմ. չի կարելի ասել, թե այս ոլորտը գերակա է, իսկ մյուսը՝ երկրորդային: Թերևս, վարչապետի և գործարարի աշխատանքի և գործողությունների տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ առաջնահերթություններ սահմանելու և միայն կարևորագույն խնդիրներով զբաղվելու շքեղությունը: Ըստ իս՝ ահա թե որն է մեր առաջին գլխավոր խնդիրը. մեզ անհրաժեշտ է կապ հաստատել հասարակության հետ, որպեսզի մեր ազգը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկվող ազդակներին: Դա վերաբերում է թե´ տնտեսվարողներին, թե´ հանրության լայն շրջանակներին: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցը լինի և սատարի մեր առաջարկած ծրագրերին:
– Տնտեսական ի՞նչ նախաձեռնություններ կամ ծրագրեր ունեք:
– Մենք արդեն իսկ ներկայացրել ենք Կառավարության ծրագիրը, որում ընդգծել ենք, թե ինչ ենք անելու: Ցանկանում եմ շեշտել մի քանի հիմնական թեմաներ:
Առաջինը. մեզ անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար: Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծարար ներուժը և գործարար ձիրքը թույլ կտան մեր բիզնեսներին շատ արագ տեմպերով աճել նման միջավայրում: Ավելին, եթե հստակ ազդակներ ուղարկենք, օտարերկրյա ներդրողները նույնպես կարձագանքեն և մուտք կգործեն մեր շուկա, եթե վստահություն տածեն խաղի կանոնների հանդեպ:
Երկրորդը. հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս վիճակը՝ մենք խթանելու ենք բիզնեսներին, թերևս, կառավարության համար ոչ այնքան ավանդական եղանակով. պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում կտրամադրեն տարբեր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ՓՄՁ-ներին և այլն:
Երրորդը. ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ մասնավոր և պետական հատվածների տաղանդաշատ ներկայացուցիչների հետ քննարկելու և մշակելու ենք երկարաժամկետ ռազմավարություններ, ծրագրեր և բարեփոխումներ, ի վերջո՝ որոշելու ենք, թե ինչ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը:
Ամփոփելով կարող եմ նշել, որ ստեղծելու ենք առավել նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծարար և եռանդուն անհատների համար՝ նրանց տեսանելի դարձնելով մեր ապագայի հորիզոնները, որպեսզի բոլորը մասնակից դառնան այդ ապագան կերտելու գործին: Ցանկանում ենք բոլորին ցույց տալ մեր երազանքների երկիրը:
– Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ինչպիսի՞ տեղ են զբաղեցնում Ձեր տնտեսական ծրագրերում, և նախատեսու՞մ եք արդյոք մասնավորեցնել որևէ ձեռնարկություններ:
– Օտարերկրյա ուղղակի ներդրումները հույժ կարևոր են մեզ համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումներ, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից, որի միջոցով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, որը բազմապատկող դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա:
Ինչ վերաբերում է մասնավորեցմանը, ապա կարծում եմ, որ Հայաստանը նախկին խորհրդային պետությունների շարքում առավել ազատական պետություններից է: Պետական գույքի ծավալն իսկապես շատ փոքր է: Այնուհանդերձ, վստահ եմ, որ մասնավոր կառավարումը միշտ պետականից ավելի լավ է. այն նվազեցնում է կոռուպցիայի ռիսկերը, բարձրացնում օգտակար գործողության գործակիցը և այլն: Ուստի, մտադիր ենք բիզնեսի տրամաբանություն ունեցող ամեն բան, բացառությամբ շատ առանձնահատուկ ոլորտների, ինչպիսիք են անվտանգությունը և պաշտպանությունը, կա՛մ մասնավորեցնել, կա՛մ հանձնել մասնավոր կառավարման:
Կարծում եմ, որ մեր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հետաքրքիր է և գրավիչ. այն լի է հրաշալի ներուժով և հնարավորություններով: Մեր գյուղատնտեսության, ոսկեգործության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները նույնպես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մեծ ներուժ ունեն:
– Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը խրթին է: Ինչպե՞ս եք վարվում այդ նուրբ իրավիճակում, և ինչպե՞ս կարող եք ի հեճուկս դրան ավելացնել տնտեսական ինտեգրումը:
– Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա մեր գործողություններով և քաղաքականությամբ միանշանակորեն հղելու ենք այն ազդակը, որ մենք շատ ազնիվ և անկեղծ ենք մեր գործընկերների հետ: Մեկ պետության հետ չենք համագործակցելու՝ ի վնաս այլ պետությունների: Մեր պետության և մեր հարևան պետությունների չափը մեզ համար հիմնավորում են այն մոտեցումը, որ մեզ պետք է իսկապես կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացահայտի մեր բիզնեսների համար:
Մեզ նաև անհրաժեշտ է բոլորին համոզել, որ մենք շատ հանդուրժող ազգ ենք, թեպետ բոլորը մեզ ճանաչում են որպես հակամարտության կողմի: Կարծում եմ, որ մեր կենսակերպն ապացուցում է դա, քանի որ մեր ազգի երեք քառորդն ապրում է արտերկրում՝ որպես այլ պետությունների օրինապահ քաղաքացիներ: Մենք բավարար չափով զգացել ենք պատերազմների հետևանքները, որպեսզի շատ զգայուն լինենք խաղաղության արժեքի նկատմամբ, և մեզ շատ է մտահոգում մեր անվտանգությունը:
– Ի՞նչ կցանկանայիք, որպեսզի այլ պետությունների քաղաքացիները և ընկերություններն իմանային Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն:
– Մենք գիտենք խաղաղության արժեքը և շատ երախտապարտ ենք մեր բարեկամներին:
Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը: