«Սեյրան Օհանյանը չափավոր ընդդիմադիր հայացքներ կունենա». Լեռնիկ Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համար զարմանալի չէր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին արված հայտարարությունը։

168.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ «դա հանկարծակի չէր, պատահական չէր, Սեյրան Օհանյանն էլի հայտարարել էր այդ մասին»:

«Բնական է, այսօր նա պաշտոնատար անձ չի, կարող է զբաղվել քաղաքականությամբ։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունից հետո իր գործունեությունը, ընտրություններին մասնակցելու ձևաչափը, թե ում հետ կմիավորվի, կերևա, հիմա դժվար է ենթադրություններ անել»,- ասաց նա։

Լ. Ալեքսանյանը չի կարծում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն արմատական ընդդիմադիր կեցվածք կարող է ընդունել. «Կարծում եմ՝ չափավոր ընդդիմադիր հայացքներ կունենա։ Դա իմ անձնական ենթադրությունն է»։

Մեր այն հարցին, թե իշխանություններին վնաս չի՞ հասցնում այն, որ երկար տարիներ պետական պաշտոն զբաղեցրած անձը, այն էլ՝ պաշտպանության նախարարը, թեկուզ «չափավոր» ընդդիմադիր գործիչ կդառնա, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.

«Իշխանություններին ոչ մի բանը վնաս չէ, իշխանությունները միշտ կողմնակից են, որ ընդդիմությունը լինի գաղափարական հենքի վրա, լինի սկզբունքային։ Բոլոր տիպի ընդդիմադիր ուժերը, որոնք սկզբունքներ, գաղափարներ ունեն, իշխանություններին վնաս չեն, դա բանավիճելու առիթ է տալիս: Եթե նորմալ բաներ կառաջարկվեն, իշխանությունները կընդունեն, եթե իշխանությունները չեն ընդունի, կբանավիճենք։ Չեմ կարծում, որ իշխանություններին որևէ ուժ վնաս կտա»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, վերջերս իրեն ակտիվ ընդդիմադիր հայտարարած և «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանը երեկ խոսել էր իր և Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցության և ընտրություններին միասին հանդես գալու մասին։

Մենք Լ. Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է բացատրում, որ իշխանության եղած գործիչները դուրս են գալիս իշխանությունից, միավորվում են, ընդդիմադիր դաշիքներ են կազմում ու հենց իշխանությունների դեմ են դուրս գալիս։ Ի պատասխան՝ Լ. Ալեքսանյանն ասաց, որ  դա բացատրում է «ժողովրդավարությամբ, ազատ խոսքի իրավունքով»։

«Կարող է պատահի, որ իշխանության մարդկանց այսօրվա քաղաքականության մեջ որոշ բաներ իրենց հայացքների մեջ չլինի, դուր չգա, և իրենք փորձեն կա՛մ քննադատել, կա՛մ մեկ ուրիշ տարբերակ առաջարկել։  Դրա մեջ որևէ բացասական բան չեմ տեսնում։ Իշխանությունների մեջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք տարբեր հայացքներ ունենան և փորձեն իրեն հայացքները հնչեցնել, դարձնել գաղափար։ Այսօր քաղաքականություն է փոխվում, արմատական փոփոխությունների ենք գնում, մեկին կարող է դուր գալ, մեկին՝ դուր չգալ։ Մի ժամանակաշրջան ենք ապրում, որ վերադասավորումներ են տեղի ունենում, հատկապես, որ դիմացը համապետական ընտրություններ են»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս