«Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին». Արմեն Աշոտյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը, ասաց, որ ցանկացած պարագայում, ունենալով հարգանք նրա անցած քաղաքական, մարտական ճանապարհի հանդեպ, ունենալով մարդկային հարաբերությունների՝ իր համար ջերմ պաշար, այնուհանդերձ, պետք է մեջ բերի մի հայտնի ասացվածք. «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է»:
«Կարծում եմ, որ քաղաքական գործընթացներում այդ ճշմարտությունը որոնելու սահմանադրական իրավունք ունեն բոլոր պաշտոնյաները, նաև նախկին պաշտոնյաները»,- ասաց Աշոտյանը:
Ինչ վերաբերում է մամուլում հնչող ձևակերպումներին, թե Սեյրան Օհանյանը հանդես է գալու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կամ Վիկտոր Դալլաքյանի հետ, Արմեն Աշոտյանը նշեց, որ ձևաչափերը, որոնց մասին գրում են լրատվամիջոցները, դեռևս արժանահավատ չեն, որ ինքը գնահատական տա:
«15 տարի լինելով քաղաքականության մեջ՝ կարող եմ փաստել, որ Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, նախկին բազմաթիվ նախարարներ…
Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արևի տակ կարողանում են ինչ-որ մի տեղ զբաղեցնել»,- ասաց Արմեն Աշոտյանը: