«Կյանքն անէացավ իմ աչքերի առաջ». Անդրեյ Կառլովի սպանության ականատես թուրք լուսանկարիչը մանրամասներ է ներկայացրել
Associated Press-ի թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին, որը ներկա է գտնվել «Կալինինգրադից մինչև Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» ցուցահանդեսի բացմանը, մանրամասներ է հաղորդել ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից։ Վերջինս լուսանկարել է մարդասպանին նրա հարձակումից անմիջապես հետո։
Լուսանկարչի խոսքով՝ ինքը որոշել էր այցելել ցուցահանդես, քանի որ դա «պարզապես գտնվում էր իր տուն տանող ճանապարհի հարևանությամբ»։ Լուսանկարիչը պատմել է, որ դա եղել է «ստանդարտ միջոցառում»։
«Այդ պատճառով, քանի որ մուգ կոստյումով ու փողկապով տղամարդը հանեց իր ատրճանակը, ես ապշել էի ու մտածեցի, թե դա ուշադրությունը գրավելու ինչ-որ հնարք է, սակայն իրականում դա սառնասիրտ, պլանավորված սպանություն էր, որը տեղի ունեցավ իմ ու մյուս մարդկանց աչքերի առաջ … »,- պատմել է լուսանկարիչը։
Ինչպես նշել է Բուրհան Օզբիլիջին, ցուցասրահում հնչել է նվազագույնը 8 կրակոց։ Մարդիկ ընկնում էին գետնին, թաքնվում սեղանների տակ ու սյուների հետևում։
«Ես վախեցած էի ու ինձ կորցրել էի, սակայն թաքնվել էի սյան հետևում ու զբաղվում էի իմ աշխատանքով՝ լուսանկարում էի»,- պատմել է նա։
Լուսանկարիչը ցուցահանդեսի էր եկել հենց այն ժամանակ, երբ ռուս դեսպանը ելույթ էր ունենում։
«Նա բարձր չէր խոսում և որքան ես հասկացա, սիրով էր խոսում իր հայրենիքի մասին»,- ասել է լուսանկարիչը։
Այնուհետ հաջորդել են կրակոցներն ու սկսվել է խուճապը։
«Ինձնից մի քանի րոպե պահանջվեց, որ գիտակցեմ կատարվածը՝ իմ կողքին մահացավ մարդ, կյանքն անէացավ իմ աչքերի առաջ»,- պատմել է նա։
Հայտնի է, որ մարդասպանի անունը Մևլյութ Մերթ Ալթընթաշ է։ Նա մի քանի տարի ծառայել է Անկարայի ոստիկանությունում։