«Իր ներկայությունը իսկապես դրական կլինի». Արմեն Մարտիրոսյանը՝ Սեյրան Օհանյանի մասին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն դրական է գնահատում։
168.am-ի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը դրական համարեց այն, որ «անձնավորություն, որը երկար ժամանակ պաշտպանական գերատեսչություններ է ղեկավարել և՛ Արցախում, և՛ Հայաստանում, ազատամարտի ակունքներում կանգնած է եղել, հայտ է ներկայացնում քաղաքական դաշտ մտնելու»։
Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ շատ տարածված է, որ պաշտպանության համակարգում աշխատած գեներալները հետագայում նաև քաղաքական գործունեությամբ են զբաղվում.
«Այս պարագայում այդպիսի խոշոր ռազմական գործիչը՝ քաղաքական հայտ ներկայացնելով, կարծում եմ, կփորձի իր փորձն այս տարիների ընթացքում ներդնել նաև կառավարման ավելի լայն համակարգում, ուստի և, հաշվի առնելով, որ անվտանգությունը առաջնահերթություններից մեկն է հռչակել պարոն Օհանյանը, կարծում եմ՝ իր հայտը դրական է։ Իր ներկայությունն իսկապես դրական կլինի»։
Մեր այն հարցին՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական դաշտում եք նրան պատկերացնում՝ հաշվի առնելով, որ Սեյրան Օհանյանը երկար տարիներ պետական պաշտոն է զբաղեցրել, մյուս կողմից էլ՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, վերջերս իրեն ակտիվ ընդդիմադիր հայտարարած և «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանը խոսեց իրենց հնարավոր համագործակցության մասին՝ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ իշխանական դաշտում լինելու համար իշխանությունում պետք է լիներ.
«Էլ ինչո՞ւ էր դուրս գալիս. ըստ իր հայտարարության՝ իրեն բազմաթիվ պաշտոններ են առաջարկել, ինքը մերժել է։ Կարծում եմ՝ ընդդիմադիր դիրքերից հանդես կգա»։
Հարցին էլ, թե հասակարության կողմից արդյոք Ս. Օհանյանը կընկալվի՞ որպես ընդդիմադիր գործիչ՝ հաշվի առնելով իր՝ երկար տարիների պաշտոն զբաղեցնելու փաստը՝ Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.
«Կարծում եմ՝ դա Սեյրան Օհանյանից է կախված, թե ինչ ուղերձներով հանդես կգա։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 1990-ականներին հասարակության կողմից չէր ընդունվում, բայց 2008-ին նախագահության հայտ ներկայացրեց և հաղթող թեկնածուն էր»։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը նշել էր, որ սկսել է խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ.
«Իմ նպատակն է՝ ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ»,- ֆեյսբուքյան իր նորաբաց էջում գրել էր Ս. Օհանյանը:
Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է արդյոք «Ժառանգության» և Սեյրան Օհանյանի համագործակցությունը։ Ի պատասխան՝ նա ասաց, որ կոնկրետ որևէ մեկի անունի հետ կապված դեռ ոչինչ չի կարող ասել.
««Ժառանգության» մասով կարող եմ ասել, որ մենք ևս տարբեր ուժերի և գործիչների հետ խորհրդակցություններ, քննարկումներ ենք անցկացնում, շփումների մեջ ենք։ Բայց անուններ այս պահին չենք կարող տալ»։