Գյումրեցիները Ծառուկյանի փողերն են պահանջում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել, եւ ասել են, որ այդ օրը լինեն  քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:

Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասում են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակից իրենց գումար են խոստացել:

«Զանգին ինձ, ասեցին՝ Ձեզ համար անակնկալ ունենք, տիկին Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, Դուք անպայման պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորեցի, ասի՝ մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս՝ կոպիտ դուրս էրեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե: Իրանց մարդ էր պետք, մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ էլա գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասում է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան:

Armtimes.com-ի նկարահանումների ժամանակ մարդկանց հոսքը կուսակցության գրասենյակ չէր դադարում: Վերջիններս նշում են, որ ամեն օր են գալու:

«Խոսք են տվե, ըսել են` արեք, գրանցվեք, փող կուդանք, հմի էլ չեն տա: Էկել ենք, որ իմանանք` ի՞նչ էղավ մեր փողերը»,- նշում են կուսակցության գրասենյակում հավաքված անձիք:

Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով բնակիչներին հասանելիք 30 միլիոն գումարը պահ էր տրվել նախկին ԲՀԿ-ական, կուսակցության գաղափարակից Վարդեւան Գրիգորյանին:

Վարդեւան Գրիգորյանը Armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանում է, որ 30 միլիոնը մի քանի օր առաջ է վերջացել: «Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումը չի նշանակում, որ պետք է գումար ստանան: Ժողովուրդն ինքնակամ ցանկություն ուներ պարոն Ծառուկյանի հետ հանդիպելու: Նրա տրամադրած 30 միլիոն դրամը բավարարեց միայն 1500 տնակում բնակվող ընտանիքի, բայց մենք քաղաքում ունենք 3500 տնակում բնակվող ընտանիք»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս