Զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետը՝ ամբաստանյալի աթոռին
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Շանթ Ավետիսյանին և մի կնոջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Շ. Ավետիսյանը, ծառայելով ՀՀ ՊՆ Մաշտոցի զիվորական կոմիսարիատում՝ որպես զորակոչային բաժանմունքի պետ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ դիմել է խաբեության` կաշառք ստանալու պատրվակով կնոջից պահանջել է 5.730.960 դրամին համարժեք 12000 դոլար գումար, վերջինիս որդուն 2016թ.-ի ամառային զորակոչից 3 տարի ժամկետով տարկետում հատկացնելու համար: Ըստ մեղադրանքի՝ 2016թ.-ի հունիսի 1-ի ժամը 19-ի սահմաններում Շ. Ավետիսյանն իր անձնական ավտոմեքենայի մեջ պահանջված գումարի մի մասը` 2.389.400 դրամին համարժեք 5000 դոլար գումարը, ստանալու պահից րոպեներ անց բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցերով 2016թ. մայիսի սկզբներին գնացել է զինկոմիսարիատ, որտեղ նույն զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետը պահանջել է 12 հազար դոլար կաշառք՝ որդուն 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար։
Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պահանջված գումարի մի մասը՝ նախապես մշակված 5.000 ԱՄՆ դոլարը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Օրենքով սահմանված կարգով Շ.Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էր կաշառքի առարկա հանդիսացող 5.000 ԱՄՆ դոլարը: Շ.Ավետիսյանը ձերբակալվել էր և հարցաքննվել։
Նախնական քննության տվյալներով՝ զորակոչի տարիքի հասած երիտասարդն ունեցել է առողջական խնդիրներ՝ հարթաթաթություն և նյարդային խանգարում։