«Լևոն Տեր-Պետրոսյանը «լուզեր» է». Աղասի Արշակյան
«Ես համակրում եմ այդ միությունը: Ես կարծում եմ՝ այն նոր ուժերով էլ կարող է համալրվել, և մեր քաղաքական դաշտում գործող հարաբերական ամենաբարոյական ուժերի համախմբումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան», միացյալ դաշինքին, նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:
Նրա խոսքով՝ դաշինքի անդամները սկզբունքային են. «Փաշինյանի հետ թեև տարաձայնություններ եմ ունեցել, բայց նա սկզբունքային է: Կիրովականցի երիտասարդն էլ (նկատի ունի պատգամավոր Էդմոն Մարուքյանին.- Ռ.Մ.) կամաց-կամաց ասպարեզ իջավ, ու տեսանք, որ էլի սկզբունքային է: Կարծում եմ՝ էլի մարդիկ կմիանան, ու դա կլինի այլընտրանքային ուժ՝ առաջիկա ընտրությունների ժամանակ: Իմ սպասելիքները նրանցից բավականին շատ է»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին մեծ քաղաքականություն, նա այսպես արտահայտվեց. «Ես չեմ ողջունում Ծառուկյանի վերադարձը, որովհետև դա ո՛չ իրեն է օգուտ տալու, ո՛չ էլ հասարակությանը»:
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ նա նշեց, որ, եթե դա Տեր-Պետրոսյանի ելույթը չլիներ, ինքը դրա տակ կստորագրեր. «Բայց ցավոք, ինքը հիմա «լուզեր» է: Ինքը հենց այնպես տարածք չի զիջում, ինքը ցույց է տալիս լուծման հնարավոր տարբերակ»:
Աղասի Արշակյան կարծիք հայտնեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ու նոր կառավարության մասին. «Կառավարությունը սայթաքումներ է սկսել: Դու հայտարարում ես պրիմիտիվ գողության մասին, բայց հետո նախարարը 4000 հազար եվրոյի փոխարեն՝ 1700 եվրոյով է թռչում Եվրոպա: Դու չես անդրադառնում դատախազի պոստերին, ուր սերնդեսերունդ է փոխանցվում պաշտոնը, բայց դու տեսնում ես դպրոցի ուսուցչին, մանկավարժի ընտանիքին ու դարձնում քննարկման առարկա: Ես ինչո՞ւ պետք է այդքանից հետո հավատամ կառավարությանն ու նրա հայրենասիրական մղումներին: Ինչո՞ւ պետք է հավատամ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, որը դեռ մեկ ամիս առաջ ուղարկած նամակիս չի պատասխանում: Տասնյակ-հազարավոր մարդկանց գործից հանում ես, բայց հանելուց առաջ աշխատատեղ ստեղծի: Ուզում ես՝ տղուս տեղն էլ ասեմ, իրենց էլ հանի»,- ասաց նա՝ ներկայացնելով իր առաջարկը՝ ուղղված կառավարությանը:
«Իմ առաջարկը հետևյալն է՝ հուսադրող հայտարարություններին պետք է հետևեն հուսադրող գործողություններ»,- ասաց նա: