
Ադրբեջանի խավիարային դիվանագիտության նոր բացահայտումներ. ներգրավված է նաև Ագրամունտը

Կայունության եվրոպական նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է «Եվրոպական ճահիճ. Խավիարային դիվանագիտություն» խորագիրը կրող հետաքննության երկրորդ մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հետաքննության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունն երի կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաները, որոնց մեջ ներքաշված են եղել տասնյակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ:
Ադրբեջանական շահերը սպասարկող անձանց թվում է ԵԽԽՎ-ում իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեն, ով Իտալիայի դատախազության կողմից պատասխանատվության է ենթարկվել:
Համաձայնելով աջակցել հետաքննությանը` Վոլոնտեն բացահայտել է շատ եվրոպացի քաղաքական գործիչների անուններ, ովքեր գումար են ստացել Ադրբեջանից: Հետաքննությունը հետքերը տանում է նաև ԵԽԽՎ-ում ներկայում նախագահող Պեդրո Ագրամունտի մոտ:
Անձամբ Վոլոնտեն շուրջ 3 միլիոն եվրո է ստացել Ադրբեջանից լոբբիստական ծառայությունների համար: Ստացված միջոցների մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների: Դրանց շնորհիվ պատգամավորները Եվրոպայի խորհրդում դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևերին ու առաջարկներին:
20 էջանոց զեկույցում ներկայացված են այն ադրբեջանցի խորհրդարանականները, ովքեր ներգրավված են եղել կեղտոտ խաղերի մեջ և ևս կարող են Եվրոպայում պատասխանատվության ենթարկվել: