Մալենա Մարդը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Մալենա Մարդը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր ինքը մտահոգություն է հայտնել Արցախում Լուսինե Ներսիսյանի ձերբակալման առնչությամբ: Այս մասին պարզաբանում է տարածել ԵՄ գրասենյակը:

«Ես ցանկանում եմ հստակեցնել, որ տեղեկություն չունեմ Բաքվի հարթակից որևէ մեկի կամ ենթադրյալ ձերբակալությունների առնչությամբ: Առհասարակ կարծում եմ, որ կարևոր է քաջալերել տարբեր խմբերի միջև երկխոսությունը, սակայն ես որևէ տեղեկություն չունեմ Բաքվի հարթակից` բացառությամբ մեդիայում հրապարակված հոդվածների: Հետևաբար, ես չէի կարող որևէ մեկնաբանություն կամ գնահատական տալ նրանց աշխատանքին»,- ասել է Մարդը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը մտահոգություն է հայտնել արցախցի գրող, քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ: «Արցախպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության բաժնից հայտնել էին, որ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին լուրը ապատեղեկատվություն է, և այն իրականությանը չի համապատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս