Լիցենզիա չունեցող հրագործական ապրանքներն ինչպե՞ս են հայտնվում առևտրի կետերում
Հրագործական ապրանքների արտադրության և առևտրի վերաբերյալ այսօր նամակ եմ հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, որի բովանդակությունը ներկայացնում եմ ստորև.
«Հարգելի պարոն վարչապետ,
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթական գործունեության տեսակ, սահմանված է եղել մինչև 2015թ. դեկտեմբերի 5-ը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 2015թ. նոյեմբերի 13-ի ՀՕ-121-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 05.12.2015թ., հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանվել է աղյուսակից, սակայն ամենուրեք վաճառվում են այդ պայթուցիկները, որոնք հատկապես նախաամանորյա այս ընթացքում չափազանց վտանգավոր են դառնում ու բնակիչների բողոքի տեղիք տալիս:
Խնդրում եմ պարզաբանել, թե եթե վերոնշյալ ապրանքները 05.12.2015թ.-ից հանվել են լիցենզավորման ենթակա ապրանքների աղյուսակից, ինչպե՞ս է, որ առևտրի կետերում շարունակվում է դրանց վաճառքը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ դրանց վաճառքը թույլատրվում է առանց լիցենզավորման:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ