«Ծառուկյանը չի վերադառնա ԲՀԿ, այլ կլինի որևէ դաշինքի ղեկավար»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ «Ժառանգության» և ՀԱԿ-ի հարցն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հարցականի տակ է՝ ձայներ ստանալու առումով: «Նոր վարչապետի ՀՀԿ-ական դառնալը դրական ազդեցություն կունենա, և գուցե վստահությունը կվերականգնվի ՀՀԿ-ի հանդեպ, իսկ նոր կուսակցությունների համար ձայներ չկան: Մենք ունենք 80-ից ավելի կուսակցություն, բայց լուրջ հայտ կարողանում են ներկայացել միայն 5-6-ը: Մյուս կուսակցությունները զրո են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և այլն, այնպես որ, միավորումները որևէ բան չեն փոխի»:

Ըստ նրա, այդ միավորումները ռադիկալ ընդդիմություն դառնալ չեն կարող, քանի որ Ադիբեկյանի կարծիքով՝ ռադիկալ ընդդիմության օթյակում նստած է Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո՝ «Ժառանգոթյունը». «Լավագույն դեպքում՝ մի միավոր կարող է հայտնվել ԱԺ-ում՝ ԲՀԿ-ի ձայների հաշվին, բայց եթե Ծառուկյանը վերադառնա, այդ տեղն էլ չեն ունենա»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, այլ կարծիքի է. միավորումներ դեռ կլինեն, իսկ Գագիկ Ծառուկյանը, ըստ նրա՝ եթե վերադառնա, չի վերադառնա ԲՀԿ, այլ կլինի որևէ դաշինքի ղեկավար:

Ինչ վերաբերում է Ադիբեկյանի այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ռադիկալ ընդդիմություն են, նա նման հակափաստարկ բերեց. «Ռադիկալ ընդդիմություն Հայաստանում չկա, որովհետև նախ՝ մենք տեսնում ենք դա, և երկրորդ՝ իրենք հասկացել են, որ ռադիկալը հիմա տրենդի մեջ չէ: Ամենառադիկալը գուցե Նիկոլ Փաշինյանն էր, բայց 1000 դրամի օրենքի քննարկման ժամանակ տեսանք, որ թեկուզ դա իր մոտեցումն էր, բայց ռադիկալ չէ»:

Կարդացեք նաև

Ըստ քաղտեխնոլոգի՝ այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կա լիդերների պակաս. «Կան կուսակցություններ, չկան լիդերներ: Նույն ՀՀԿ-ն բարձրանալու է, եթե Կարեն Կարապետյանը գլխավորի ՀՀԿ ցուցակն ընտրություններում: Այսինքն՝ անձերին են տալու ձայները: Բացի այդ՝ ընտրությունը միշտ եղել է աշխարհաքաղաքական: Չի բացառվում, որ պրոարևմտյան մի երկու ուժ անցնեն, օրինակ՝ նորաստեղծ դաշինքը նկատի ունեմ, որն ավելի շատ պրոեվրոպական է, և Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկվող դաշինքը, որը պրոամերիկյան է: Իսկ «Ժառանգությունը» կկիսվի, որովհետև այնտեղ միայն մեկ լուրջ խաղացող կա՝ Զարուհի Փոստանջյանը: Եթե որևէ արևմտյան ուժ չանցավ, ապա որևէ ֆինանսական հոսք Հայաստան չի լինի առաջիկա հինգ տարում»:

Իսկ ահա ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ընդհանրապես այլ կարծիք ունի: Ասուլիսի մյուս բանախոսը պնդում է, որ Հայաստան մտնող գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից, այլ ոչ Արևմուտքից: «Իսկ միավորումների մասին կարող ենք խոսել մեկ ամիս անց, դրանց մասին կարող ենք խոսել, երբ Ծառուկյանը մտնի խաղի մեջ: Մենք սպասելու ենք Ծառուկյանի որոշմանը. այսօր թև չկա, որը չի սպասում նրա մուտքին: Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք, և ամեն ինչ կապում եմ երեք ուժի վեադարձի հետ: Իսկ թե որ ուժերի մասին է խոսքը, կասեմ միայն նրանց մուտքից հետո»:

Ի դեպ, բանախոսը հավելեց նաև, որ Ադիբեկյանը ոչ մի պատահական բառ չի ասում, նա լավ գիտի՝ ինչ է պետք ասել:

Տեսանյութեր

Լրահոս