
Իրկուտսկում լոգանքի համար նախատեսված խտանյութը խմելու հետևանքով 33 մարդ է մահացել

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 33 մարդ է մահացել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Քննչական կոմիտեին։
Բժիշկների խոսքով՝ տուժածների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել կոմայի մեջ։ Խտանյութի օգտագործման հետևանքները արտահայտվում են մինչև 24 ժամվա ընթացքում՝ կախված օգտագործած հեղուկի քանակությունից և օրգանիզմի կարողություններից։
ՌԴ դատախազությունը, Քննչական կոմիտեն, «Ռոսպոտրեբնադզորը» և մյուս ծառայությունները հետաքննում են կատարվածը։
Ավելի վաղ մասնագետները անալիզ էին արել ու խտանյութի բաղադրության մեջ հայտնաբերել մեթանոլ։
Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում կոչ է արել առգրավել խտանյութը մանրածախ առևտրի կետերից։