Ավելի քան 28 000 գործազուրկ է ներգրավվել ՀՀ զբաղվածության պետական գործակալության ծրագրերում
ՀՀ զբաղվածության պետական գործակալության ամենամյա ծրագրերով իրականացվում են 16 ակտիվ աշխատաշուկայի ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Այդ ծրագրերում ներգրավված անձանց ընդհանուր թիվը ավելի քան 28 հազար է: Բացի այդ նաև ներգրավվել են մի շարք բիզնես ծրագրեր, հողօգտագործողներ, գործատուներ և այլն: Մանգասարյանը ներկայացրեց մի քանի ծրագրերից յուրաքանչյուրում ընդգրկված անձանց թիվը:
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրում ընդգրկված անձանց թիվը կազմել է 25 մարդ:
«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակում ուսուցում է անցել 1 հազար 293 գործազուրկ, որոնցից 115-ը հաշմանդամություն ունեցող անձինք են:
«Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել են 474 գործազուրկ, որոնցից 7-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում» ծրագրում ընդգրկվել են 417 անձ:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում ֆինանսավորվել են 74 բիզնես ծրագրեր, որոնցից 9-ը ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 53 գործազուրկ, որոնցից 6-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրի շրջանակներում ընդգրկվել է 732 անմրցունակ անձ, որից 58-ը հաշմանդամություն ունեցող անձ է: Այս թվից 21 հաշմանդամություն ունեցող անձի համար իրականացվել է աշխատատեղի հարմարեցում:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» ծրագրում ընդգրկվել է 2005 անձ, որոնցից 59-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում հանրապետության 10 մարզերի 451 համայնքում 5 հազար 967 հողօգտագործողի հետ կնքվել է պայմանագիր: Ծրագրում ընդգրկել է 7 հազար 640 շահառու, որից 736-ը` հաշմանդամություն ունեցող անձ: Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է 9 հազար 746.7 հա հողատարածք:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրում ընդգրկվել է 27 համայնք, որից 11-ը` քաղաքային և 16-ը` գյուղական: Ծրագրում ընդգրկվել է 287 անձ, որից 38-ը` հաշմանդամություն ունեցող:
«Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է 11 տոնավաճառ, որոնց մասնակցել են 360 գործատու, 15 հազար 20 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել են 1 հազար 628 առկա և սպասվելիք 1 հազար 442 թափուր աշխատատեղեր: Ծրագրի ընթացքում աշխատանքի են տեղավորվել 692 աշխատանք փնտրող անձինք:
«Աշխատաշուկայի հետազոտման աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» թեմայով հետազոտությունը, որի նպատակն էր գնահատել տնտեսությունում աշխատուժի շարժը և աշխատաշուկայում սպասվելիք փոփոխությունները` առաջիկա 3 տարիների կտրվածքով: