Ադրբեջանը մտավախություն ունի, որ ԼՂ այցելության համար ձերբակալված բլոգերի պատմությունը բացասաբար կազդի Իսրայելի հետ հարաբերությունների վրա
Ադրբեջանական APA գործակալությունը հարցում է ուղարկել Իսրայելի արտգործնախարարությանը՝ կապված Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որն ունի Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիություն։ Գործակալությունը մտավախություն է հայտնել, թե Լապշինի ձերբակալությունը բացասաբար կազդի իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Գործակալության հարցմանն ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարարությունից պատասխանել են, թե Իսրայելի և Ադրբեջանի միջև կան «սերտ կապեր»։
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրում են այն մասին, որ այդ հարցը բացասաբար կազդի երկու երկրների հարաբերությունների վրա։
Կան տեղեկություններ, որ Իսրայելի կառավարությունը Բելառուսում իր ներկայացուցիչների միջոցով դիմել է պաշտոնական Մինսկին՝ Լապշինի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգերը դեկտեմբերի 15-ին: Լապշինի նկատմամբ միջպետական հետախուզում էր հայտարարել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելության համար:
Դեկտեմբերի 16-ին Մինսկի Պերվոմայսկի շրջանի դատախազի տեղակալը որոշում էր կայացրել նրան կալանավորել, մինչև լուծվի նրա արտահանձնման հարցն Ադրբեջան:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լապշինը 2011թ. ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ «անօրինական ռեժիմի՝ միջազգային մակարդակով քարոզչության նպատակով»:
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ բլոգերը «խախտել է Ադրբեջանի պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքները»։
Բլոգերի նկատմամբ Ադրբեջանում մի քանի քրեական գործ է հարուցվել: