
ՄԱԿ-ի ԱԽ-ն համաձայնեցրել է Սիրիայի հարցով բանաձևի տեքստը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման մասին բանաձևի նախագիծը։ Այդ հարցով քվեարկությունը տեղի կունենա նյույորքյան ժամանակով ժ. 09.00-ին, հայտնում է BBC-ն։
Համաձայնագրին նախորդել է Ռուսաստանի և Ֆրանսիայի հեռակա բանավեճը։
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանն էր ներկայացրել Հալեպից քաղաքացիական բնակչության կամավոր տարհանման մասին առաջարկը՝ առաջարկելով, որ մարդիկ իրենք որոշեն՝ ուր գնալ։
Բանաձևը պահանջում է նաև ապահովել ՄԱԿ-ի դիտորդների անխափան մատչումը Հալեպի արևելյան թաղամասեր, որտեղ դեռ մնում են Բաշար Ասադի հակառակորդները։
Ռուսաստանը խոստացել է արգելափակել բանաձևը և փոխարենը՝ առաջարկել իրենը։
«Այն, ինչ առաջարկել է Ֆրանսիան, անիրագործելի է և վտանգավոր»,- հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
Արդյունքում՝ 3-ժամյա բանակցություններից հետո ԱԽ-ի անդամներին հաջողվել է փոխզիջման հասնել։