Բաժիններ՝

Լիսաբոնը ցանկանում է դառնալ Եվրոպայի ստարտափ մայրաքաղաքը

Լիսաբոնում մի խումբ նախաձեռնող երիտասարդներ փորձում են տնտեսական բարդ ժամանակները ետևում թողնել և Պորտուգալիայի մայրաքաղաքը վերածել տեխնոլոգիական ստարտափների կենտրոնի։ Պետական պարտքի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո երիտասարդների նպատակն է՝ քաղաքը դարձնել հաջորդ Բեռլինը։ Լիսաբոնն արդեն իրավունք է ստացել հյուրընկալել Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական կոնֆերանսը։ Այս առումով հույսեր կան, որ դա կմեծացնի ներդրումների քանակը նոր նախաձեռնություններում և կկարողանա հակազդել երիտասարդ ուղեղների արտահոսքին, որը հաջորդեց 40 տարիների ընթացքում Պորտուգալիայի ամենախորը ճգնաժամին։ Իհարկե, առայժմ Լիսաբոնը փոքր քաղաք է ստարտափների եվրոպական հսկաների՝ Լոնդոնի և Բեռլինի համեմատ։ Սակայն քաղաքը Գերմանիայի մայրաքաղաքի օրինակին հետևելու ցանկություն ունի։

Վերջին տասնամյակի ընթացքում Բեռլինը կարողացել է այս առումով մեծ զարգացում ունենալ՝ ստարտափների գների և երիտասարդ աշխատուժի շնորհիվ։ Weforum.org կայքի հաղորդմամբ՝ գերմանացի ներդրող Սիմոն Շեֆերը, ով որոշել է 400 տեխնիկական աշխատակցի համար նախատեսված գրասենյակ բացել, նշել է. «Լիսաբոնը գոյություն ունի»։ Նախաձեռնողը հույս ունի կրկնել նույնանման նախագիծը, որը նա ստեղծել է Բեռլինում 2012թ.։ «Տեսնում ես, որ նախաձեռնողները մտածում են, թե որտեղ է հարկավոր կազմակերպություն ունենալ, և նկատում, որ Լիսաբոնը ևս քարտեզի վրա է»,- նշել է նա։ Քանի որ ստարտափի ոլորտը նոր է, և կազմակերպություններից շատերը դեռ փոքր են, տվյալները դեռևս սահմանափակ են։ Միևնույն ժամանակ՝ նկատելի են արագ աճի նշաններ, այդ թվում՝ 3500 աշխատակից ունեցող ընկերություն հիմնելու պլաններ։

«Վազք»՝ ապրելու համար

Երբ սկսվեց ճգնաժամը, գործազրկության մակարդակն աճեց, և հազարավոր մարդիկ լքեցին երկիրը։ Ստարտափեր ստեղծելու համար Պորտուգալիան փորձի պակաս չուներ, սակայն կապիտալի կրճատումը նշանակում էր, որ անհրաժեշտ է ֆինանսավորում փնտրել երկրից դուրս։ Ուղեղների արտահոսքից շահեց Մեծ Բրիտանիան։ 2009թ. պորտուգալացի նախաձեռնող Խոսե Նևսը Լոնդոնում հիմնեց Farfetch-ը, որը դիզայներական հագուստի, աքսեսուարների, կոշիկների օնլայն գնումների հարթակ է։ Ըստ տվյալների՝ այն Բրիտանիայի երկրորդ ամենաթանկարժեք ստարտափն է։ Seedrs ընկերությունը, որի համահիմնադիրը ևս պորտուգալացի է, համարվում է Եվրոպայի ամենամեծ օնլայն ընկերություններից մեկը։ Ամեն դեպքում, սա կարծես թե նաև դրական արդյունքներ է տալիս. նշված երկու ընկերություններն էլ այսօր գործունեություն ծավալում են նաև Պորտուգալիայում։ Ներդրողները, ովքեր ցանկանում են որոշիչ քայլ կատարել, տեսնում են, որ կարող են ցածր աշխատավարձով աշխատանքի ընդունել տաղանդավոր մասնագետների, ովքեր խոսում են անգլերեն։ Լիսաբոնում աշխատավարձի չափը կազմում է Գերմանիայի բարեկեցիկ քաղաքների՝ Մյունհենի և Համբուրգի ընկերություններում աշխատավարձի 1/3-րդը։ Eurostat-ի տվյալների համաձայն՝ 2015թ. Պորտուգալիայում աշխատանքային մեկ ժամի վճարը կազմել է 13.2 եվրո։ Երոպական միությունում այդ ցուցանիշի միջինը կազմում է 25 եվրո, Գերմանիայում՝ 32.2։

Լիսաբոնն այժմ իրականացնում է տարբեր բիզնես ծրագրեր, որոնք խրախուսում են նոր ընկերություններին։ European startup initiative հասարակական կազմակերպության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Լիսաբոնը ստարտափների գործունեության Եվրոպայի 5-րդ ամենագրավիչ կենտրոնն է՝ Բեռլինից, Լոնդոնից, Ամստերդամից և Բարսելոնից հետո։ Եզրակացությունները հիմնված են 689 ստարտափների հեղինակների շրջանում կատարված հարցման վրա. նրանց խնդրել են հայտնել, թե որտեղ կհիմնեին իրենց ընկերությունները, եթե կարողանային դա նորից անել։ Էնթոնի Դուգլասը, ով կիսով չափ պորտուգալացի է, իր բիզնես գործունեությունը սկսել է 6 տարի առաջ։ Նա ստեղծել է Hole19 հավելվածը, որն այսօր արդեն 1 մլն օգտատեր ունի աշխարհի 172 երկրներում։ Այժմ նա ընդլայնվելու ծրագրեր ունի և հույս ունի, որ 3-5 տարի անց կկարողանա 100 մլն դոլար եկամուտ ստանալ։

Առայժմ տվյալներ չկան, թե ինչ ազդեցություն կունենան ստարտափները Պորտուգալիայի տնտեսության վրա, սակայն կառավարությունը ռեսուրսներ է ներդնում պարզ պատճառով՝ դրանք բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծում։ Օրինակ՝ Farfetch-ի 1000 մարդուց կազմված անձնակազմի կեսն աշխատում է Պորտուգալիայում. այժմ ընկերությունը 140 նոր աշխատատեղ է ստեղծում, որոնցից 81-ը՝ Պորտուգալիայում։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ պետք է խրախուսել ստարտափները ոչ միայն այն պատճառով, որ նոր ստեղծվող երկու աշխատատեղերից մեկը ստեղծվում է երիտասարդ կազմակերպությունների կողմից, այլև այն պատճառով, որ դրանք նորարարություններ են բերում տնտեսության ավանդական ճյուղերում։ Հույսեր կան, որ պորտուգալացի նախաձեռնողները, ովքեր ընկերություններ են ստեղծել երկրի տարածքից դուրս կամ արտասահմանում աշխատանքի են անցել, կվերադառնան և եկամուտները կուղղեն հայրենի երկրում գործող ստարտափների զարգացմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս