Բաժիններ՝

Երևանում և Արարատյան դաշտում այս օրերի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան կգրանցվի, արտակարգ ցուրտը կպահպանվի. Գ. Սուրենյան. tert.am

Ցածր ջերմաստիճանային ֆոնը և արտակարգ ցուրտ եղանակը հանրապետություն կպահպանվի առաջիկա 5 օրերին. այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ում խոսքով՝ օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի և այս գիշեր երեկվա համեմատ կնվազի ևս 3-4 աստիճանով:

«Այսինքն՝ ստացվում է, որ մեր կանխատեսածից մի բան էլ ցածր է լինելու ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում: Երևանի ցածրադիր գոտում և Արարատյան դաշտում այս գիշեր ջերմաստիճանն առանձին հատվածներում կհասնի մինչև -2-ից -23 աստիճանի, իսկ լեռնային առանձին հատվածներում՝ հատկապես Աշոցքում, որն ամենացուրտ գոտին է՝ կհասնի -30-35 աստիճանի»,-ասաց նա:

Սուրենյանը նշեց, թե իրենք ներկա պահին առանձնապես օդի ջերմաստիճանի բարձրացման միտում չեն տեսնում, քանի որ տարածաշրջանը՝ Կովկասը, արգելափակված է անտիցիկլոնային դաշտով, որն արգելափակում է բոլոր տեսակի տաք օդային հոսանքների ներհոսքը տարածք:

«Այսինքն՝ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 10-ից 13 աստիճանով, իսկ Աշոցքի շրջանում նորմայից ցածր է մինչև 15-16 աստիճանով: Նշեմ նաև, որ այս գիշեր Երևանում դիտվող -19-ից -20 աստիճան ցուրտը գերազանցել է մեր պատմության ընթացքում տվյալ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 18-ին երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը։ Վերջին անգամ -16 աստիճան ցուրտ եղել է 1975 թ-ին. իսկ այսօր ունեցել ենք -19-ից -20, այսինքն՝ ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճան Երևանի և Արարատյան դաշտի հատվածում»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս