«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ասում է, որ պետք է գնալ խաղաղության, համագործակցության, միավորվել, պետք է ուժեղանալ ու անգամ այսօր մեջք կանգնել Սերժ Սարգսյանին»
«Ծառուկյանի մեջ չէ, որ պետք է փնտրել կեղծ ընդդիմություններին և, համենայն դեպս, Ծառուկյանի վերադարձը դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներքին խնդիրն է, իմ մեկնաբանման կարիքը չունի։ Լավ են արել՝ վերադարձրել են, կամ լավ են արել՝ չեն վերադարձնում, ես չգիտեմ ելքն ինչ է։ Նույնը վերաբերում է այն 3 կուսակցությունների դաշինքին՝ լավ են արել միացել են»,- 168.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի համագումարի ժամանակ հայտարարեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձից հետո կարելի՞ է նրա հետ համագործակցել, արդյոք նա կեղծ ընդդիմություն չի լինի՞։
Թե որքանո՞վ է այսօր հուսալի Գագիկ Ծառուկյանը, Ա.Մարտիրոսյանը նշեց, թե նայած ինչ գործ պետք է անել, ընտրություններում ինչ ֆունկցիա պետք է նա կրի, օրինակ՝ Ծառուկյանի հետ պատերազմ, իհարկե, կգնար։ Նա համաձայնեց, որ պատերազմ Սերժ Սարգսյանի հետ էլ կարելի է գնալ։ Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ ՀԱԿ 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ասում է, որ պետք է գնալ խաղաղության, համագործակցության, միավորվել, պետք է ուժեղանալ ու անգամ այսօր մեջք կանգնել Սերժ Սարգսյանին։
Իր՝ ՀԱԿ վարչության անդամ չդառնալը Ա. Մարտիրոսյանը պայմանավորեց սեփական մոտիվացիայի էապես ավելի մեծ լինելու հանգամանքով, նաև ստեղծագործական բնագավառի ներկայացուցիչ լինելու հանգամանքով, իսկ այն սահմանափակումը, որ ունի վարչության անդամը, դեռ իր ուժերից վեր է։
«Դաշտը պետք է սարքել սև-սպիտակ՝ իշխանություն-ընդդիմություն։ Այդ գործընթացի սիզբն այսօր դրվեց»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ նկատելով, որ ընդդիմություն է կոչվում այն քաղաքական ուժը, որը ձգտում է իշխանության և որից մրսում է իշխանությունը, իսկ իր տեսակետից այդ սահմանմանն այսօր համապատասխանում է միայն ՀԱԿ-ը։