«Եթե առողջ ընդդիմությունն այդքան լավ բան է, թող ՀՀԿ ն էլ դառնա առողջ ընդդիմություն». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իր համար ուշագրավ է, որ ՀՀԿ ներկայացուցիչը խոսում է առողջ ընդդիմության կարևորության մասին՝ նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին:

Դիմելով պատգամավորին՝ Հայրիկյանն ասաց. «Այդ հարցում դուք լուրջ հաջողության եք հասել, որովհետև ընդդիմադիրների մի մասն այդպես էլ ասում է, որ կդառնան առողջ ընդդիմություն: Նայում ես ու չես հասկանում՝ սրանք ինչո՞ւ են գնում ընտրության: Առողջ ընդդիմությունը եթե այդքան լավ բան է, թող ՀՀԿ ն էլ դառնա առողջ ընդդիմություն, ու չեմ կարծում, որ դա մենք չենք ողջունի: Բայց մի բան պետք է ճշտենք. այս ընտրությանը մենք գնում ենք կայացած քաղաքական հարաբերություններում, կայացած Սահմանադրության պայմաններում մեր քաղաքական որակը տեղավորելու և դրանով օգտակար լինելու մեր ժողովրդի՞ն, թե՞ Հայաստանում կան լուրջ ռազմավարական խնդիրներ: Այսօրվա քաղաքական դաշտում եղած մարդկանց կեսից ավելին ավելի փոքր տարիք ունի, քան ես քաղաքականության մեջ եմ»։

Հայրիկյանը նկատեց. «Ես Հայաստանի եվրոպական քաղաքակրթական ուղուց շեղումը համարում էի տխուր երևույթ, մանավանդ, որ այդ ուղուց շեղող մարդն էլ ժամանակին ասաց՝ դե, մենք հո քաղաքակրթական ընտրությո՞ւն չենք կատարել, մենք անվտանգության ընտրություն ենք կատարել, բայց մենք տեսնում ենք, որ մեր անվտանգությունն էլ ապահովված չէ: Իսկ վերջին ահազանգը ՀՀԿ համագումարն էր, որը ցույց տվեց, որ իրենց մոտ ոչ թե քաղաքական առաջնորդ է, այլ Աստված: Մենք տեսանք, որ առաջնորդի հետ բոլորը համաձայն են։ Այդ դահլիճում բոլոր ներկաները բացակայում էին»:

Ըստ նրա՝ դա «կատաստրոֆիկ երևույթ» է, և ցույց է տալիս, որ մենք սարսափելի ծանր վիճակում ենք։

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այս դիտարկումներին այսպես արձագանքեց. «Անպայման պետք է հանրագումարի՞ն երևար այդ բազմակարծությունը»։ Իսկ Հայրիկյանը պատասխանեց, որ՝ այո, և նշեց, որ իր արտասահմանյան գործընկերները զարմացած էին նման բանի վրա»:

ԱԻՄ առաջնորդը քննադատեց նաև ընդդիմադիր ուժերին, քանի որ ոչ ոք դեռ չի պատասխանում նրա առաջարկին՝ միասնական մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մինչև դեկտեմբերի վերջ պարզ կլինի՝ ով է մեզ միանում։ Եթե հիմա չստանանք աջակցություն քաղաքական ուժերից և միասնական ճակատով չգնանք, մտածում ենք՝ հայտարարել «Ժողովրդավարական Հայաստան» միավորման ստեղծման մասին, որի մեջ հրավիրելու ենք ընդգրկվել անհատ մարդկանց, քաղաքացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս