«Մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, ուզում ենք, որ լինեն դաշինքներ, կառուցողական ընդդիմություն». Սուքիաս Ավետիսյան

«Ընտրություններին ընդառաջ, բնական է, որ քաղաքական դաշտն ակտիվանալու է, ինչն արտահայտվելու է և՛ տարբեր քաղաքական ուժերի ստեղծումով, և՛ տարբեր կոալիցիաների ստեղծումով, որին արդեն մենք ականատես ենք լինում: Իհարկե, հեռու չեն զավեշտալի իրավիճակները, որոնցում կարող ենք հայտնվել և, կարծես թե, հայտնվում ենք: Պետք է այս ամենին նորմալ նայել: Մենք Կուսակցությունների մասին նոր օրենքն ընդունեցինք ու փորձեցինք հնարավորինս ազատականացնել կուսակցությունների ստեղծումը։ Բոլորս էլ ընդունում ենք, որ Հայաստանի նման պետության համար շատ են կուսակցությունները, բայց ժողովուրդն ինքն է որոշում`որ քաղաքական ուժի հետևից գնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի քաղաքական դաշտը դարձնել զավեշտների առարկա. «Ցանկացած ժողովրդավարական պետություն իր քաղաքական դաշտով է, առաջին հերթին, ժողովրդավար, և մենք պետք է կարողանանք այդ ժողովրդավարությունը զարգացնել, ու դրան պետք է օգնեն բոլոր քաղաքական ուժերը: Հունվարի կեսերից էլ ավելի կակտիվանա քաղաքական դաշտը, կսկսվեն փոխադարձ մեղադրանքները, որոնք հիմա էլ են նկատվում»:

Անդրադառնալով երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան», միացյալ դաշինքին, որի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվեց դեկտեմբերի 12-ին, նա ասաց, որ դա բնական գործընթաց է. «Բնական է, որ, եթե նրանք ուզում էին մնալ քաղաքական դաշտում, պետք է միավորվեին: Առաջիկայում էլի միավորումներ կլինեն: Մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, ուզում ենք, որ լինեն դաշինքներ, կառուցողական ընդդիմություն, որպեսզի լինի նորմալ մրցակցային պայքար, որի արդյունքում ճիշտ զարգացումներ կլինեն»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031