«Ադրբեջանը հետաքրքրված է «Իսկանդեր Մ» համալիրների ձեռքբերմամբ». Ֆելգենգաուեր

«Ռոգոզինը կփորձի այլ լուծումներ առաջարկել Ադրբեջանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Ադրբեջան կատարած այցի օրակարգին: Հիշեցնենք, որ Ռոգոզինն աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել երեք օր առաջ, որտեղ հանդիպել է երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Ըստ ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ների, այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանին տրամադրված «Իսկանդեր Մ» համալիրների օգտագործման և Բաքվին դրանց վաճառելու մասին հարցեր:

Անդրադառնալով այդ տեղեկություններին, Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ պատահական չէր, որ Ռոգոզինի այցը Բաքու տեղի ունեցավ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի Բաքու կատարած այցից հետո, իսկ Իսրայելի վարչապետի հետ քննարկվել էին իսրայելաադրբեջանական հարաբերությունների համալիր հարցեր, այդ թվում՝ զենքի վաճառքի ծավալների ընդլայնմանը  վերաբերող հարցեր: Ըստ նրա, արդեն տեղեկություններ կան, որ Ադրբեջանը սպառազինության նոր տեսակներ է գնելու Իսրայելից: Ֆելգենգաուերի խոսքով, դատելով Ռոգոզինի՝ Ադրբեջանում արած հայտարարություններից, Ռուսաստանը չի ցանկանում կորցնել զենքի ադրբեջանական շուկան։

«Դա միանշանակ է: Կարծում եմ, որ այս առնչությամբ որոշ հարցեր է  ապագայի համար փորձել պարզել Ռոգոզինը, հայտնի չէ, թե պաշտոնական Բաքուն ինչ է վստահեցրել Ռոգոզինին զենքի գործարքների հետագա ճակատագրի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանին մտահոգել է Հայաստանին տրամադրված «Իսկանդեր Մ» համալիրները: Վստահաբար, դրանցով հետաքրքրված են նաև ադրբեջանցիները, քանի որ այդ զինատեսակի առկայությունը Հայաստանում խախտել է ուժային հավասարակշռությունը, իսկ Ադրբեջանը նման զինատեսակ չունի»,- ասաց Ֆելգենգաուերը:

Վերջինիս պնդմամբ, Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին վստահեցնել, որ հայկական կողմն այդ զինատեսակը չի կիրառի, եթե առաջանա նման անհրաժեշտություն, քանի որ հայկական կողմն այն լիովին տնօրինելու իրավունք ունի՝ «Իսկանդեր Մ» համալիրները ՀՀ ԶՈՒ-ի տրամադրության տակ են:  «Ապրիլից հետո Մոսկվայի համար կարևոր էր վերականգնել ուժային հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն արեց՝ ի օգուտ հայկական կողմի: Սա հաշվի առնելով՝ ինձ համար տրամաբանական է թվում այն պնդումը, որ Ռուսաստանը չվաճառի «Իսկանդեր» Ադրբեջանին, որն ունի նման ցանկություն:

Բայց բացառել, որ կվաճառի, չեմ կարող: Գնահատելով Մոսկվայի ներկայիս շահերը, կարող եմ պնդել, որ չի վաճառի, և Ռոգոզինը կփորձի այլ լուծումներ առաջարկել Ադրբեջանին՝ փորձելով չկորցնել այդ երկրի հետ իր հարաբերությունները, քանի որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ հարաբերությունների պահպանումը Հարավայի Կովկասում կարևոր է Ռուսաստանի համար»,- նշեց Ֆելգենգաուերը:

Տեսանյութեր

Լրահոս