
Կայսերիի ահաբեկչությանը զոհ է գնացել 13 զինվոր

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Կայսերիում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան իրականացված ահաբեկչության զոհերի թվի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, շտաբի տվյալներով զոհվել է 13 զինվոր, 48-ը վիրավորվել են:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա:
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, մեկնաբանելով կատարվածը, հայտարարել է, որ ահաբեկչության ձեռագիրը նման է դեկտեմբերի 10-ին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տեղի ունեցածին:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեկնել են ահաբեկչության վայր: Կատարվածի առնչությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկություն է ստացել ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանից: