
Թուրքիայում նոր ահաբեկչության նախնական զոհերի թիվը 9-ն է

Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչությունը նախնական տվյալներով խլել է 9 մարդու կյանք: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Կայսերիից ընտրված պատգամավոր Իսմաիլ Թամերը:
Էրջիյես համալսարանի դիմաց իրականացված պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների առկայության մասին փաստել է նաև Կայսերիի նահանգապետ Սուլեյման Քամչըն` չնշելով հստակ թվեր:
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, մեկնաբանելով կատարվածը, հայտարարել է, որ ահաբեկչության ձեռագիրը նման է դեկտեմբերի 10-ին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տեղի ունեցածին:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեկնել են ահաբեկչության վայր: Կատարվածի առնչությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկություն է ստացել ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանից: