Աճուրդի կենտրոնում մեքենաները վաճառվում են մրցակցային պայմաններում
Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության Աճուրդի կենտրոնում վաճառվող՝ օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ հանրային հետաքրքրությունը, շարունակում ենք ընթացիկ տեղեկատվություն ներկայացնել գործընթացի վերաբերյալ:
Վաճառվող պետական շարժական գույքի համար, առաջին անգամ՝ այս տարվանից, գործում է կենտրոնացված պահառության վայր, ինչը հնարավորություն է տալիս ցանկացողներին մեկ վայրում տեսնել, զննել գույքն ու մասնակցել աճուրդներին. հատկապես սրանով է պայմանավորված հանրային հետաքրքրությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այցելում պահառության վայր, հետաքրքրվում վաճառվող մեքենաներով: Վարչության և Աճուրդի կենտրոնի թեժ գծով ևս բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում`նույն թեմայով:
Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար:
Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ., որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24 283 241 ՀՀ դրամ: Մրցակցային պայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26 955 563 ՀՀ դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11տոկոսով:
Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.) , ինչը պայմանավորված է փոխադրամիջոցի` շահագործման ոչ պիտանի վիճակով, մեծ մաշվածությամբ: Ամենաբարձր գնահատված մեքենան ( արտասահմանյան) 1520 000 ՀՀ դրամ արժեր և վաճառվել է նույն գնով:
Աճուրդների ժամանակ հիմնականում մրցակցություն է առաջանում համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաների համար: