
Ադրբեջանի խորհրդարանն այսօր ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրինագիծը

Այսօրվա նիստում Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրինագիծը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Օրինագիծը ներկայացրել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի հարցերով կոմիտեի նախագահ, առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը։
Վերջինս հայտարարել է, որ «տեղեկատվական ճակատում» տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են վերանայել այս օրենքը։
Ի տարբերություն գործող «Ռազմական դրության մասին» օրենքի (5 գլուխ, 17 հոդված), նոր նախագիծը բաղկացած է 6 գլխից և 27 հոդվածից։ Հին օրենքի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարելու համար երկրի ղեկավարը պետք է դիմեր խորհրդարանին, և Միլի մեջլիսը 72 ժամվա ընթացքում քննարկելու էր հարցն ու կայացնի որոշում։
Նոր օրինագծով այդ ժամկետը կրճատվել է մինչև 48 ժամ։ Մյուս փոփոխությունը կապված է ռազմական դրության ռեժիմի կանոնների սահմանման հետ։
Նոր նախագիծը նախատեսում է ԶԼՄ-ների գործունեությունում հատուկ ռեժիմ սահմանելու հարցը այն տարածքներում, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, սահմանափակվելու է կամ կասեցվելու նրանց գործունեությունը, եթե դրա համար կան «օրինական հիմքեր»։
Օգտագործվելու է նաև ռազմական գրաքննություն։ Օրինագծում նշվում է, որ ռազմական գրաքննությունը կիրառվելու է երկրում ռազմական դրության ժամանակ։ Այդ նպատակով ստեղծվելու են գրաքննության մարմիններ:
Նախատեսվում է վերահսկողություն սահմանել նաև նամակագրության, հեռուստառադիոհեռարձակումների, հեռախոսազրույցների ու ռադիոբանակցությունների վրա՝ կանխելու պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը։ Դա իր արտացոլումն է գտել «Ռազմական դրության մասին» օրենքի 1.0.3 հոդվածում։
Ռազմական գրաքննությունը ԶԼՄ-ների կողմից պետական մարմինների և պաշտոնատար անձնանց հետ հոդվածների և նյութերի նախնական համաձայնեցումն է։