
«Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր է». Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր է, հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նիստի արդյունքը պետք է լինի երկու երկրների միջև նիստի արձանագրության ստորագրումը։
Այդ նպատակով Բաքվում է գտնվում նաև ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։
«Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ռուսաստանը ոչ միայն տնտեսական գործընկեր է, այլև տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։
Ռուսաստանը ձգտում է, որպեսզի ամենուր իշխի խաղաղություն, միջամտություն տեղի չունենա երկրների ներքին գործերին»,- ասել է Էյուբովը։
Նա ընդգծել է, որ Բաքվի համար թանկ են Մոսկվայի հետ հարաբերությունները։
«Մենք ունենք խթան՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը։ Ապրանքաշրջանառությունը կտրուկ կրճատվել է 2014 թվականի համեմատ։ Դա կապված է ճգնաժամի հետ, ամենուր լուրջ վնասներ կան։ Մեզանում ևս տեղի ունեցավ դևալվացիա»,- հայտարարել է Էյուբովը։