Վերջին հրաժեշտը՝ Արմեն Երիցյանին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, պետական գործիչ Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նրա հարազատներն ու մտերիմները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Երիցյանին ճանաչել է դեռ ուսանողական տարիներից: «Երբ ես պաշտպանում էի իմ ատենախոսությունը, Արմեն Երիցյանը հանձնաժողովի անդամ էր: Այնուհետև նրա հետ առնչվել եմ աշխատանքային գործունեության ընթացքում, և կարող եմ ասել, որ նա սկզբունքային, լավ մարդ էր ու հիշվող տեսակ»,- ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանն էլ ընդգծեց, որ Արմեն Երիցյանը միշտ կհիշվի իր անմահ գործով, այն ոգեղեն ուժով, որ նա ուներ՝ կամք, աշխատասիրություն, հայրենիքին նվիրվածություն և անսահման սեր մարդու նկատմամբ:
«Անկախ հասարակության մեջ առկա շերտավորումից՝ նա համակցեց բոլոր ուժերը և սիրված էր բոլորի կողմից: Նա բոլորին օժտում էր աշխատելու ձգտումով: Ոչ միայն բնության աղետների դեմ պայքարում էր առաջամարտիկ, այլ նաև ստեղծեց լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրների բազա: Նա դեռ շարունակում է քայլել մեզ հետ, նա շարունակում է մնալ թատերաբեմում: Նա միշտ ազնվորեն կատարել է իր աշխատանքը բոլոր բնագավառներում: Արմեն Երիցյանը մնաց միշտ իր գործը սիրող և մեզ այդ ձևով դաստիարակող մարդ»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Երիցյանի հետ սկսել է աշխատել դեռևս 90-ականներից:
Արտակարգ իրավիճակների նախարար, պետական գործիչ Արմեն Երիցյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմանատուն):