
Բաքուն Մոսկվայից երաշխիքներ է ուզում առ այն, որ Հայաստանը չի կիրառելու «Իսկանդեր» համալիրները

Այսօր Բաքվում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Այս մասին գրում է ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» պարբերականը՝ հավելելով, որ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ռազմա-տեխնիկական գործակցության դաշնային ծառայության ղեկավար Անդրեյ Բոյցովը:
Այս հանգամանքն, ըստ պարբերականի, առիթ է տալիս կարծելու, որ քննարկվող թեմաները չեն շրջանցելու Ադրբեջանին նոր զինտեխնիկա մատակարարելու հարցերը:
Անդրադառնալով Հայաստանի կողմից ավելի վաղ «Իսկանդեր» մարտավարական համալիներ ձեռք բերելուն, պարբերականը նշում է, որ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստին հետևող փորձագետները կարծիք են հայտնում, որ Ադրբեջանն ամենևին էլ անհանգստացած չէ այդ հանգամանքով:
Պարբերականի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական փորձագետ Նադիր Սակիթօղլուն նշել է, թե Բաքուն իրականում հանգիստ է վերաբերվել Հայաստանին «Իսկանդեր» համալիրներ վաճառելու լուրին, քանի որ «Ռուսաստանն իրավասու է ինքնուրույն որոշել՝ ում և ինչ վաճառել»:
Սակայն փորձագետը միաժամանակ նշել է, թե ԼՂ հակամարտության համատեքստում Բաքուն իրավասու է Մոսկվայից երաշխիքներ ստանալ առ այն, որ Երևանին փոխանցված տեխնիկան, ռեակտիվ համակարգերն ու այլ զինատեսականեր չեն հայտնվի Ղարաբաղում: