Զինծառայողի մահվան գործով կարևոր վկայի՝ ավտովթարի զոհ դառնալը վարույթն իրականացնող մարմինը քննության առարկա չի դարձնի. ՀՔԱՎ
ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի գործով կարևոր վկան՝ Վաչագան Հայրապետյանը, որը մահացածի անմիջական հրամանատարն էր, նրա հոր հետ առերեսումից օրեր անց ավտովթարից մահացել է: Այս մասին տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակմամբ:
Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը:
Վերջինս 2016 թ. նոյեմբերի 4-ին գրությամբ դիմել է զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն իրականացնող ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ Վաչագան Հայրապետյանի մահվան հանգամանքը քննության առարկա դարձնելու հարցով՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք Վաչագան Հայրապետյանի մահը պատահականություն էր, թե՝ ոչ և ինչ կապ կարող է ունենալ այն Հովհ. Պետրոսյանի մահվան գործի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների էր տիրապետում:
Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ Պ. Այվազյանը 2016 թ. նոյեմբերի 18-ի պատասխան գրությամբ հայտնում է, որ Վաչագան Հայրապետյանի՝ ավտովթարի ենթարկվելու և տեղում մահանալու դեպքի կապակցությամբ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործ չի քննվում, և պատճառաբանում, որ դրա ուղղությամբ քննություն կատարելը դուրս է իր լիազորությունների շրջանակից:
Վերջինս դա վերագրում է բացառապես Վ. Հայրապետյանի մահվան գործը քննող մարմնին՝ որևէ առնչություն չտեսնելով Հովհ. Պետրոսյանի մահվան գործի հետ: Հարկ ենք համարում նշել, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը ոչ թե ավտովթարի գործը ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնի կողմից քննելուն է վերաբերում, այլ Հովհ. Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ դրա հնարավոր առնչությունը պարզելուն՝ քննչական գործողություններ կատարելու միջոցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների է տիրապետել:
Ավելին՝ ներկայացված միջնորդության մեջ ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին խոսք անգամ չկա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ