
Օբաման շնորհակալություն է հայտնել Էրդողանին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել նրան Հալեպում զինադադար կնքելու հարցում ներդրած ջանքերի համար, երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ Սիրիայում կողմերը պետք է պայմանավորվեն հրադադարի հաստատման և հակամարտության քաղաքական լուծման շուրջ, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին Թուրքիայի ջանքերի համար՝ ուղղված Հալեպում կրակի դադարեցմանը, որպեսզի հնարավոր լիներ կռվողների և քաղաքացիական անձանց տարհանումը, որոնք ցանկանում են լքել քաղաքը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հսկողության ներքո։ Նախագահներ Օբաման և Էրդողանը հայտարարել են, որ անհրաժեշտ է կրակի համազգային դադարեցում և հակամարտության քաղաքական լուծում»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Օբաման և Էրդողանը քննարկել են նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աշխատանքն ընդդեմ ԴԱԻՇ-ի։ Նախագահները նաև խոսել են իրենց «ջերմ ու արդյունավետ հարաբերությունների մասին»։ Օբաման ցավակցել է Էրդողանին՝ կապված Ստամբուլի ահաբեկչությունների հետ։