«Հիմա բարձր աշխատավարձ կստանամ, կմսխեմ, կգնամ սաունաներում ինձ համար կտժժամ, լավ մեքենա կքշեմ, պետական լծակները կօգտագործեմ իմ բիզնեսի համար: Կայֆ ա, էլի». «ՀԺ»

Դերասան Սերգեյ Դանիելյանը, նույն ինքը՝ Դիվադադարի Յոժը, իսկապես, կուսակցություն է ստեղծում: Անունն էլ դնելու է Քաղաքացիական ակտիվ քայլ, հապավումով՝ ՔԱՔ:

Բա որ հանկարծ ձեր ՔԱՔը հաղթի խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ եք անելու: Պետք է վարչապե՞տ դառնաք:

– Չէ, ինչու պետք է վարչապետ դառնամ: Մինչեւ վարչապետ դառնալը որպես ՔԱՔ-ի առաջնորդ դեռ շատ պետք է աճեմ: Դեռ ուզում եմ խորհրդարան մտնել:

Նիստերի ժամանա՞կ եք դերասանական վարպետություն դասավանդելու:

– Ոչ, ես ուղղակի աշխատավարձ կստանամ, եւ անպայման չէ, որ գնամ նիստերին մասնակցեմ: Այ քեզ բան: Քի՞չ պատգամավորներ կան, որ այդպես են անում: Շատ վաղուց բարձր աշխատավարձ չեմ ստացել, համ էլ այսքան տարի միայն հարկեր ու տուգանքներ եմ վճարել, իսկ հիմա բարձր աշխատավարձ կստանամ, կուտեմ, կմսխեմ, կգնամ սաունաներում ինձ համար կտժժամ, լավ մեքենա կքշեմ, պետական լծակները կօգտագործեմ իմ բիզնեսի համար: Կայֆ ա, էլի: Ես հո չեմ ասում, թե պիտի աշխատեմ:

Այսինքն, դուք իշխանության հետ կոալիցիա կկազմեք:

– Եթե դա այդպես է կոչվում՝ այո: Ժողովուրդը միշտ ինձ հետ է եղել: Ես կարող եմ կամուրջ հանդիսանալ Հանրապետականների եւ ժողովրդի միջեւ կամ «Բարգավաճ Հայաստանի» եւ ժողովրդի միջեւ: Կարծում եմ՝ ՔԱՔ-ը շատ հուսալի կամուրջ կձգի:

Իսկ այդ կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ ունեցե՞լ եք, նրանք համաձա՞յն են ՔԱՔի հետ համագործակցել:

– Ինձ թվում է, կհամաձայնեն, ո՞վ կհրաժարվի օգնությունից:

Կարծում եք՝ նրանք դերասանական վարպետության կամ հռետորության պակա՞ս ունեն:

– Այո, իհարկե, ժողովուրդը նրանց երբեմն չի հավատում, բայց եթե ես նրանց վարպետության դասեր տամ, այդ խնդիրը չեն ունենա: Ես ներողություն եմ խնդրում, հիմա նիստի եմ, ՔԱՔ-երով հավաքվել ենք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս