Արկադի Համբարձումյանի ու Սուքիաս Ավետիսյանի վարքագծում կար կարգազանցություն, բայց մեղադրականը չհնչեց

Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովը պետք է ըստ էության որոշում ընդուներ «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպության 31.10.2016թ. N2-2289 դիմումի վերաբերյալ: Սակայն հանձնաժողովի նիստը տապալվեց` քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկայացել էին միայն հանձնաժողովի նախագահ Լյովա Խաչատրյանն ու զեկուցող Թևան Պողոսյանը:

Լ.Խաչատրյանը նկատեց, որ Էթիկայի հանձնաժողովի անդամի չգալը նիստին արդեն իսկ խախտում պետք է համարել:

Լրագրողների հետ զրույցում Լ.Խաչատրյանը նշեց, որ նիստը չստացվեց, թեև ուսումնասիրությունները կատարված էին, եզրակացության նախագիծը կար, բայց քվորում չկար, քվեարկություն տեղի չուենցավ, և, քանի որ բոլոր ժամկետները լրացել էին, հետևաբար` գործը համարվեց փակված:

«Եզրակացություն չկայացվեց՝ քվորում չլինելու պատճառով: Եզրակացությունն այն էր, որ կար կարգազանցություն, կար նման իրավիճակ, բայց ամեն դեպքում քվորում չկայացավ»,- ասաց Լ.Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպությունը դիմում էր ներկայացրել ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանի ու Սուքիաս Ավետիսյանի վարքագծի կապակցությամբ: Դիմումին կից հանձնաժողովին էին ներկայացվել տեսանյութեր, որոնք փաստում են պատգամավորական էթիկայի խախտման մասին: Մոտ մեկ ամիս առաջ ՀՀԿ-ական երկու պատգամավորների գործն ընդունվել էր վարույթ: Հարցի զեկուցող էր նշանակվել Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս